Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, աշխարհի 7-րդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ բանակցությունները հաջող են ընթանում ու հնարավոր է` ինքը մասնակցի Australian Open-ին:
«Դրական տեղաշարժ կա, սակայն տեղեկություններս ոչ պաշտոնական են. շփվում ենք Ավստրալիայի փաստաբաններիս միջոցով: Հույս ունեմ՝ կթույլատրեն մասնակցել Australian Open-ին: Կարծում եմ՝ շուտով վերջնական պատասխան կստանամ: Ավստրալիան այն վայրն է, որտեղ միշտ ցուցադրել եմ լավագույն խաղս»,- Ջոկովիչի խոսքը փոխանցում է Tennis Majors-ը:
Հիշեցնենք, որ Ջոկովիչը հունվարին ժամանել էր Մելբուրն, սակայն չէր մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով:
Սերբ թենիսիստը բաց է թողնում նաև հյուսիսամերիկյան բոլոր մրցաշարերը, քանի որ ԱՄՆ-ի և Կանադայի կառավարությունները արգելում են երկիր մուտք գործել այն անձանց, որոնք հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նա չէր մասնակցել նաև US Open-ին:
«Ռոլան Գարոսում» Ջոկովիչը հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել էր մրցաշարի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալին, իսկ «Ուիմբլդոնում» նվաճել էր տիտղոսը՝ եզրափակիչում առավելության հասնելով Ավստրալիայի ներկայացուցիչ Նիկ Կիրյոսի նկատմամբ:
35-ամյա թենիսիստն Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի հաղթող է: Australian Open-ը կկայանա հունվարի 16-29-ին: