Գրեթե յուրաքանչյուր հնդկական ֆիլմում սիրային պատմության ավարտը լինում է հեքիաթային: Դժվար է նույնն ասել Բաթլեր - «Մայամի» բասկետբոլային սիրո ավարտի մասին:
ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ամեն ինչ սկսվեց 2019 թվականին: Աստղի կարգավիճակում Մայամի ժամանած Բաթլերը հայտարարեց, որ «Հիթը» կլինի իր կարիերայի վերջին թիմը.
««Հիթի» հետ գնալու եմ չեմպիոնության, վստահ եմ, որ մեր համագործակցությունը հաջողված է լինելու: Չեմ պատրաստվում հանդես գալ որևէ այլ թիմում»:
Եվ իրոք, Ջիմի - «Հիթ» համագործակցությունը շատ մոտ էր չեմպիոնական դառնալուն: Ջիմբոյի հետ «Մայամին» երեք անգամ խաղաց կոնֆերենցիայի եզրափակիչում, երկու անգամ՝ NBA-ի մեծ եզրափակիչում, բայց չեմպիոն դառնալ այդպես էլ չստացվեց.
Նախորդ մրցաշրջանի փլեյ-օֆֆի մեկնարկից առաջ լարվեցին ակումբի ղեկավար Փեթ Ռայլիի ու Բաթլերի հարաբերությունները: Ռայլին ասուլիսի ընթացքում մրցակիցների հասցեին արած trash talk-ի պատճառով քննադատեց Բաթլերին՝ նրան խորհուրդ տալով փակ պահել բերանը.
Կարիերայի այդ հատվածն ամենածանրն էր Բաթլերի համար: Նա կորցրեց հորը, իսկ Ռայլին ցավակցելու փոխարեն շտապեց ճշտել, թե երբ է Ջիմբոն միանալու թիմին.
«Ինքնաթիռը դեռ վայրէջք չէր կատարել, երբ իմացա հորս մահվան մասին: Վայրէջքից հետո զանգահարեց գործակալս և ասաց, որ Ռայլին ցանկանում է իմանալ, թե երբ եմ վերադառնալու Մայամի»:
Սիրուց ատելություն մեկ քայլ է. Ռայլիի և Բաթլերի հարաբերությունները վերջնականապես փչացան: Ջիմին մրցաշրջանի դեռ մեկնարկից էր որոշել, որ փոխելու է ակումբը: Ամեն ինչ պաշտոնապես հաստատեց «Ինդիանա Փեյսերսի» դեմ խաղից հետո նրա արած հայտարարությունը.
«Ցանկանում եմ հաճույք ստանալ բասկետբոլից, «Մայամիում» դա դժվար թե ստացվի»:
Բաթլերը թրեյդ պահանջեց, փոխարենը թիմից ստացավ 7-խաղյա որակազրկում: «Մայամին» շարունակում է փնտրել Ջիմբոյին «թրեյդելու» տարբերակներ:
ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թրեյդային սագայի ամբողջ ընթացքում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» ու «Ֆինիքս Սանզը» համարվում էին Ջիմբոյին ձեռք բերելու գլխավոր հավակնորդները: Բայց «Սանզի» առաջարկը, որը կառուցված է Բրեդլի Բիլի շուրջ, չի բավարարում «Հիթին»: «Մարտիկներն» էլ չեն ցանկանում 36-ամյա բասկետբոլիստի համար հրաժարվել Ջոնաթան Կումինգայի կամ Էնդրյու Ուիգինսի ծառայություններից:
Ավելի հավանական տարբերակ է Բաթլերի՝ «Ռոքեթս» տեղափոխությունը: «Հրթիռները» կարող են «Հիթ» ուղարկել Ֆրեդ Վանվլիտին, Թարի Իսոնին և դրաֆթի մի քանի ընտրության հնարավորություն: Գործարքում անհրաժեշտության դեպքում կարող է ներառվել նաև Դիլոն Բրուքսը:
«Ռոքեթսին» կարող է մրցակցություն առաջարկել «Մեմֆիսը»: Ըստ ինսայդեր Ջոն Գամբադորոյի՝ «Գրիզլիսը» թրեյդային փաթեթ է պատրաստում, որտեղ ընդգրկված են Մարկուս Սմարթը, Բրենդոն Քլարկը և Լյուկ Քենարդը, բայց Բաթլերը գործակալի միջոցով «Մեմֆիսին» հասկացրել է, որ չի ցանկանում տեղափոխվել նրանց կազմ:
«Դենվերն» այս սագայի գլխավոր ջոկերն է: «Նագեթսը» կարող է Մայքլ Փորթեր Ջունիորի, Զեկի Ննաջիի և Ջեյլեն Սթրոութերի շուրջ փաթեթ կառուցել՝ բաղկացած մի քանի դրաֆթ փիքերից: Յոկիչ - Բաթլեր դուոն վստահաբար մեծ աղմուկ կբարձրացնի արևմտյան կոնֆերենցիայում:
Թրեյդային պատուհանի ավարտին մնացել է մեկ ամիս, բայց Բաթլերի 7-խաղյա որակազրկումը «Հիթի» համար յուրօրինակ դեդլայն է, որի ավարտից հետո կավարտվի նաև Ջիմբոյի ու «Մայամի» բասկետբոլային սիրո պատմությունը: