«Լոս Անջելես Կլիպերսի» աստղային նորեկ Ջեյմս Հարդենն անդրադարձել է թիմի անհաջող ելույթներին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում «Կլիպերսը» կրել է 5 անընդմեջ պարտություն։ Հարդենը մասնակցել է այդ 5 խաղերից 4-ին։
«Հուսով եմ՝ շատ շուտով մենք կհասկանանք, թե որն է խնդիրը։ Խոսքը նախորդ խաղի մասին չէ։ Այս ամենը շարունակվում է վերջին մի քանի խաղում։ Փորձում ենք գտնել այն, ինչը համապատասխանում է մեզ, և օգտագործել մեր հնարավորությունները։ Դա ամենի ամբողջականությունն է՝ պաշտպանությունից հարձակման անցնելը, պաշտպանությունը, լավ նետումները, գնդակի վերահսկողությունը։
Ինչ վերաբերում է ինձ, երբ լինում է հնարավորություն, փորձում եմ լինել ագրեսիվ ու ճիշտ բաներ անել խաղահրապարակում։ Այստեղ բոլորս միասին ենք։ Դա չի վերաբերում միայն մեկ մարդու։ Բոլորս փորձում ենք միասին հաղթահարել այս ամենը»,- ամերիկացի բասկետբոլիստի խոսքը մեջբերում է Los Angeles Times-ը։
Հիշեցնենք, որ Ջեյմս Հարդենը վերջերս է «Ֆիլադելֆիայից» տեղափոխվել «Կլիպերս», որը դեռ չի հաղթել նրա հետ։