Երևանի «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցն անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում էստոնական «Կալևի» նկատմամբ արտագնա հաղթանակին:
«Համառ խաղ ստացվեց, մենք հասանք կամային հաղթանակի։ Ուրախ ենք, քանի որ հաղթանակ տարանք արտագնա խաղում։ Բարդ է խաղալ թաց խաղադաշտի վրա, դա ազդեց հանդիպման վրա։ Տղաներին կեցցե։ Այս խաղը հաղթեց մեկ ակադեմիան, իսկ դա ամենակարևորն է ինձ համար։ Մեկնարկային կազմում ընդգրկվել էր մեր ակադեմիայի 8 սան, հետո ևս չորսը դուրս եկան դաշտ։ Այս հանդիպմանը մասնակցեց մեր ակադեմիայի 12 խաղացող։ Դա ինձ համար ամենակարևորն է»,- նշել է Ջևան Չելոյանցը։
Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած խաղում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 2-1 հաշվով հաղթել է թիմի նորեկ, եզրային հարձակվող Էդգար Մովսեսյանի դուբլի շնորհիվ։ Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց «Ուրարտուի» ստադիոնում: «Ուրարտու» - «Կալև» զույգի հաղթողին հաջորդ փուլում սպասում է չեխական «Բանիկ Օստրավան»։