Երևանում ապրիլի 13-ին կայացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը նվիրված ասուլիս։
Լրագրողների հետ հանդիպել և առաջնության նախապատրաստական աշխատանքներն ամփոփել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի ԵԱ-ի անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Ջալուդ Մուհամեդը և Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
«Վստահ եմ՝ բոլորս անհամբեր սպասում ենք առաջնության մեկնարկին. մենք պատրաստ ենք: Առավոտյան ներկա եմ եղել Եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսին: Այն փորձը, որը ձեռք ենք բերել, թույլ է տալիս հյուրընկալել ավելի մեծ միջոցառումներ: Այս ընթացքում խոսել ենք մեր գործընկերների հետ և հայտ ենք ներկայացրել աշխարհի հաջորդ տարվա առաջնությունն ընդունելու համար: Շնորհակալ եմ գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ հայկական կողմը միջազգային ֆեդերացիային պետք է առաջարկեր այնպիսի ծրագիր, որը գայթակղիչ լիներ, և ընդամենը մեկ տարվա ընթացքում Հայաստանին վարկանշային մրցաշար վստահեին: Կարեն Գիլոյանը, անդրադառնալով Հայաստանի հավաքականներից ունեցած սպասելիքներին, նշել է՝ մեր մարզիկները մասնակցելու են՝ հնարավորին շատ մեդալներ նվաճելու մտադրությամբ. «Թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց հավաքականները պատրաստ են առաջնությանը: Հուսանք, որ գոնե երեք չեմպիոն կունենանք»:
Այն, որ Հայաստանը մեծ շանսեր ունի ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը հյուրընկալելու համար, ընդգծում է նաև Միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջալուդ Մուհամեդը:
«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, Օլիմպիական կոմիտեին՝ այս մեծ միջոցառումը հյուրընկալելու համար: Գիտեմ, որ Հայաստանը ծանրամարտում առաջատարներից է և հայտ է ներկայացրել աշխարհի հաջորդ առաջնությունն անցկացնելու համար: Իմ այցի նպատակը նաև այդ առումով ուսումնասիրություններ կատարելն է: Կարծում եմ՝ Հայաստանը լավագույնս կհավակնի այդ իրավունքին: Գիտեմ, որ հայերը մեծ սիրտ ունեն և անկախ քաղաքական իրավիճակներից՝ պատրաստ են եղել լավագույնս ընդունել բոլորին, ովքեր ցանկացել են մասնակցել այս առաջնությանը»,- նշել է Մուհամեդ Ջալուդը:
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտիի խոսքով՝ Հայաստանը նախապատրաստական աշխատանքների փուլում գերազանցել է բոլոր սպասելիքները. «Դուք գերազանցել եք մեր սպասելիքներն ու պահանջները: Շատ հաջող առաջնություն ենք ակնկալում՝ ամենաբարձր որակի: Սա պարզապես Եվրոպայի առաջնություն չէ, նաև օլիմպիական վարկանիշային մրցաշար է: Այդ իսկ պատճառով մեր պահանջներն ու չափանիշները փոքր-ինչ բարձր են եղել ընդունող երկրի համար: Երբ ստանդարտները մի փոքր ավելի բարձր են լինում, մենք բախվում ենք ուշացումների և այլ խնդիրների հետ, բայց Հայաստանի պարագայում մեր դրած չափանիշների 99 տոկոսն արդեն իսկ իրականացված է: Արվել է ավելին, քան մենք պահանջել ենք»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կմեկնարկի ապրիլի 14-ին՝ ժամը 20:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար:
ԵԱ-ում Հայաստանը 10-ական ներկայացուցիչ կունենա կանանց ու տղամարդկանց պայքարում։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):