Իտալական Ա սերիայի 29-րդ տուրից հետաձգված խաղում Բերգամոյի «Ատալանտային» 3-2 հաշվով հաղթելուց հետո «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալյանոն հայտարարեց ակումբից հեռանալու մասին.
«Ակումբում անցկացրել եմ հիանալի երեք տարի, որոնք ինձ թույլ են տալիս հեռանալ լրիվ այլ մարդ։ Հեռանում եմ հսկայական փորձով, ինչի համար շնորհակալ եմ ակումբին, իմ մարզած բոլոր ֆուտբոլիստներին և «Ֆիորենտինայի» երկրպագուներին։
Չնայած տիտղոսներ չնվաճեցինք` այս ճամփորդությունն ինձ համար հիանալի էր։ Ես հեռանում եմ, բայց այն հարաբերությունները, որոնք ստեղծել ենք, հավերժ կպահպանվեն։ Որոշեցի հեռանալ, քանի որ երբ ինչ-որ մակարդակի ես հասնում ու չես կարող այլևս զարգանալ, իսկ միջավայրը քեզնից ավելին է պահանջում, ապա կարծում եմ` հեռանալն ամենաճիշտ լուծումն է»,- մեջբերում է Football Italia-ն։
46-ամյա մասնագետը Ֆլորենցիան ներկայացնող ակումբը գլխավորում էր 2021 թ. հուլիսից։ «Ֆիորենտինան» Իտալյանոյի գլխավորությամբ 2023 և 2024 թթ. դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, սակայն անցյալ տարի պարտվել էր Լոնդնոի «Վեսթ Հեմին» (1-2), իսկ այս տարի` հունական «Օլիմպիակոսին» (0-1)։ «Ֆիորենտինան» Իտալյանոյի գլխավորությամբ 162 խաղում տարել է 79 հաղթանակ, գրանցել 39 ոչ-ոքի, կրել 49 պարտություն։