Logo

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդարացվել է մաֆիայի հետ կապ ունենալու գործով

14:55 / 29.03.2025Ֆուտբոլ
null

«Մոնցայի» պաշտպան Արմանդո Իցոն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով, հայտնում է Football Italia-ն։

33-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում էր Նեապոլի ամենահայտնի հանցավոր խմբերից «Կամորայի» հետ կապ ունենալու և 2014թ. Իտալիայի երկրորդ լիգայի` Բ Սերիայի «Մոդենա» - «Ավելինո» պայմանավորված հանդիպումը կազմակերպելու համար։

Դատախազության տվյալներով՝ Իցոյի զարմիկներն «Ավելինոյի» խաղացող Ֆրանչեսկո Միլեզիին 30 հազար եվրո են փոխանցել՝ թիմի այլ ֆուտբոլիստների կաշառելու համար։ Այդ կերպ նրանք մտադիր են եղել ազդել խաղի ելքի վրա։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Իցոն չի մասնակցել այդ հանդիպմանը, բայց խաղի ելքի վրա ազդելու համար գումար է ստացել։

Այս գործի քննությունն սկսվել է դեռ 2016թ. մայիսին։ Իցոն 2017թ. ապրիլին որակազրկվել է 18 ամսով, սակայն հետագայում պատիժը կրճատվել է։

Գործը քննել է նաև քաղաքացիական դատարանը։ 2023 թվականին Նեապոլի առաջին ատյանի դատարանը պաշտպանին դատապարտել է հինգ տարվա պայմանական ազատազրկման։

Այդ որոշումը բողոքարկվել է։ Վերաքննիչ դատարանը բեկանել է նախնական դատավճիռն ու արդարացրել Իցոյին և նրա վրայից հանել բոլոր մեղադրանքները։

«Առաջին իսկ պահից հավատացել եմ արդարադատությանը։ Երբեք չեմ դադարի փաստաբաններիս երախտապարտ լինել։ Շնորհակալ եմ նաև ընտանիքիս ու «Մոնցային»։ Ակումբի ղեկավարները գիտեին դատական գործընթացի մասին, սակայն միշտ հավատացել են ինձ»,- ասել է Իցոն դատավճռի հրապարակումից հետո։

Իցոն 2022թ. սեպտեմբերից խաղում է «Մոնցայում»։ Նա «Ավելինոյում» հանդես է եկել 2012-2014թթ.։ Իցոն 2016-19թթ. հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքական, մասնակցել է 3 հանդիպման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ