Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբի վերջին խաղում տանը 1-4 հաշվով Նորվեգիայի թիմին պարտվելու արդյունքում 3 հակառեկորդ է գրանցել, հաղորդում է Opta-ն:
1955 թվականից հետո առաջին անգամ տնային խաղում Իտալիայի հավաքականը 4 գոլ է բաց թողել, 1955-ից հետո առաջին անգամ հանդիպման երկրորդ խաղակեսում 4 գոլ է ընդունել սեփական դարպասը, 1983 թվականից հետո էլ առաջին անգամ է տնային մրցավեճում պարտվել 3 կամ ավելի գոլի տարբերությամբ:
Հիշեցնենք, որ Ջենարո Գատուզոյի գլխավորած հավաքականը 18 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել խմբում` նվաճելով աշխարհի առաջնության անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր: Նորվեգիայի հավաքականը 24 միավորով հաղթել է խմբում և 1998 թվականից հետո առաջին անգամ նվաճել Մունդիալի ուղեգիր:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


