Logo

Իտալացիների արկածները Գերմանիայում. Ինչո՞ւ «Աձուրին» տապալվեց

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
11:51 / 05.07.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Calcio is back». Նախանցած մրցաշրջանում Ֆաբիո Կապելոյի թևավոր դարձած արտահայտությունը մեծ հույս էր ներշնչել իտալացի երկրպագուներին: Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր թվում, բայց առջևում դառն իրականությունն էր:

Իտալական 3 ակումբ հասել էին եվրագավաթային 3 մրցաշարերի եզրափակիչ: Ճիշտ է, նրանցից ոչ մեկին չհաջողվեց գավաթ նվաճել, սակայն գաղափարն իրականում դա չէր: Բոլորին թվում էր, թե Իտալիան վերադառնում է փառահեղ ժամանակներին:

Ապենինյան թերակղզու գլխավոր բրենդը՝ Ա սերիան, վերջին տարիների համեմատ նույնպես աճ էր գրանցել, այդ առաջընթացը զգացվեց նաև ավարտված մրցաշրջանում, սակայն լակմուսի թուղթն ազգային թիմն էր:

Մոտեցող վտանգի մասին վաղուց զգուշացնում էր Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, սակայն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կուրացրել էր բոլորին: Ոչ ոք չէր տեսնում կամ չէր ցանկանում տեսնել խորքային խնդիրները, իսկ դրանք բազմաթիվ էին:

Ի՞նչ է կատարվում իտալական ֆուտբոլում

Կալչիոպոլիի սկանդալից հետո իտալական ֆուտբոլի հեղինակությունն անկում ապրեց, այդ ընթացքում անգլիական Պրեմիեր լիգան երկրաչափական պրոգրեսիայով աճ էր գրանցում: Այդպես «Կալչիոն» հետ մնաց ժամանակից:

Աստղային ֆուտբոլիստներին քիչ էր հետաքրքրում իտալական շուկան: Իրավիճակն ավելի ուշ փորձեց փրկել Թուրինի «Յուվենտուսը»: Կրիշտիանու Ռոնալդուի գալուստը ոչ միայն չօգնեց «Բյանկոներիին» նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, այլ նաև սպասվող էֆեկտ չտվեց: «Յուվեն» օգտվեց միայն ֆինանսապես:

Հետո եկավ Եվրո-2020-ը: Ռոբերտո Մանչինին, Ջանլուկա Վիալին և Ալբերիգո Էվանին (մանկության ընկերներ էին) կարողացան փայլուն մթնոլորտ ստեղծել իտալական հանդերձարանում: Ռոբերտոյի պրագմատիզմը, Վիալիի խարիզման և Էվանիի տակտիկական հաշվարկները տվեցին իրենց արդյունքը:

Բայց հետո պարզվեց, որ «Տրիումվիրատը» մեկանգամյա օգտագործման նախագիծ էր մշակել: Չեմպիոնական Իտալիան քանդվեց ավազե տնակի նման: «Սկուադրա Աձուրան» երկրորդ անգամ անընդմեջ բաց թողեց Մունդիալը:

Մարզիչը չխուսափեց պատասխանատվությունից (Մանչինին երբեք պատճառներ չի փնտրել արդարանալու համար), բայց պատասխանատվությունը միայն նրանը չէր:

Հանկարծ պարզվեց, որ Իտալիան որակյալ ֆուտբոլիստների պակաս ունի, ավելի շուտ՝ պակասորդ: Այդ խնդիրն ավելի շատ վերաբերում է առջևի գծի խաղացողներին: Իտալացի երբեմնի հզոր, ֆիրմային ոճով հարձակվողներն անհետացան ասպարեզից:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ սերնդափոխությունն է ցավոտ ստացվում, չէ որ ակումբների ակադեմիաներում կան տաղանդավոր երիտասարդներ: Միգուցե չհամաձայնեք ինձ հետ, հիմա կասեք, որ նոր սերունդը բավականին տաղանդավոր է, այդ դեպքում ինչո՞ւ իտալացի ֆուտբոլիստները մրցունակ չեն Եվրոպայում, նրանք շատ պահանջարկ չունեն: Վերջին ամենաթարմ օրինակները Նիկոլո Ձանյոլոն և Ջանլուկա Սկամական են (Սանդրո Տոնալիի վրա չեմ կենտրոնանում), որոնք, մեղմ ասած, տապալվեցին:

Մանչինին փորձեց նորոգել մեքենան: Ռոբերտոն տանջվեց, բայց հետո չդիմացավ գայթակղությանն ու հեռացավ:

Թողած ավերակներն ընդունեց Լուչանո Սպալետին: Վիալիի դերն էլ ֆեդերացիան հանձնեց Ջիջի Բուֆոնին:

Լուչանոն փորձեց, բայց այդպես էլ չգտավ բանալին: Հարցեր ալենատորեին շատ կան, սակայն այս դեպքում էլ միայն նրան քավության նոխազ համարելը ճիշտ չի լինի:

Կապելոյի ևս մեկ միտք այս դեպքում մարգարեական է հնչում: Եվրո-2024-ից առաջ Մետրը զգուշացրել էր. «Եթե Իտալիայի հավաքականում «Միլանից» և «Յուվենտուսից» կատարողներ չկան, ապա ավելին սպասել չի կարելի»:

Երկրի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան մրցաշարից առաջ Կովերչանո հրավիրեց լեգենդներին. Ջանի Ռիվերա, Ֆրանչեսկո Տոտի, Ալեսանդրո Դել Պիերո, Ռոբերտո Բաջո: Սակայն այս քայլն էլ չաշխատեց:

Եվրոյի ժամանակ «Նացիոնալեն» անդեմ և անատամ ֆուտբոլ խաղաց, ավելի ճիշտ՝ ընդհանրապես ֆուտբոլ չխաղաց: Առաջին տուրում տարած կամային հաղթանակից հետո նոր գվարդիան մնաց էյֆորիայի ալիքի տակ, բայց չէ որ մրցակիցը համեստ Ալբանիան էր:

Տուն վերադառնալուց հետո Բուֆոնը չդիմացավ: Իտալացի լեգենդար դարպասապահը ճեպազրույցի ժամանակ հազիվ զսպեց պոռթկումը, ակնարկեց հեռանալու և հանդերձարանի մթնոլորտի մասին, սակայն նրան համոզեցին մնալ:

Սպալետին էլ երկարաձգեց պայմանագիրն ու խոստացավ էլ ավելի երիտասարդացնել թիմը, բայց խոստովանեց, որ պատրաստ չէր Եվրոյին և խորությամբ չէր ճանաչում իր խաղացողներին:

Նորից վերադառնում ենք այնտեղ, որտեղից սկսել ենք: Պարզվում է, որ Կալչիոն չի վերադարձել: Այո՛, ֆուտբոլն Իտալիայում կենսակերպ է, բայց իտալացիները հետ են մնացել ժամանակից` այնպես, ինչպես նախորդ դարի 90-ականներին հետ էր մնացել Անգլիան:

Իտալական գրանդներն այլևս չունեն այն հզորությունը: Խնդիրը միայն ֆինանսական չէ: Կարո՞ղ եք հիշել, թե քանի գերաստղ են վերջին տարիներին տվել «Միլանը», «Յուվենտուսը» կամ «Ինտերը», իսկ այս ակումբները միշտ էլ հավաքականի գլխավոր մատակարարներն են եղել:

«Աձուրին» չունի առաջատար, մարդ, որը թիմակիցներին կստիպի խաղալ: Ահա, թե ինչու է ամբողջ Իտալիան աստվածացնում ընդամենը մեկ հաջող մրցաշրջան անցկացրած Ռիկարդո Կալաֆիորիին: Նրա տեսքն ու խաղաոճը նոստալգիա է առաջացնում: Քանի խարիզմատիկ պաշտպան կասեք, միջին գծում փորձեք գտնել «Ռեջիստայի», որն առանցքային նշանակություն ունի թիմի համար: Միայն թե չասեք Դի Մարկո, Բարելա, նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են, բայց ոչ առաջատար: Եթե թիմը խաղում է, ապա այս տղաները ոգևորվում են, հակառակ դեպքում շատ հեշտ ձուլվում են:

Թե ինչ ճանապարհ կընտրի Սպալետին, դժվար է ասել: Առավել դժվար է ենթադրել, թե ուր են շարժվելու իտալական ակումբները, որոնք հեշտությամբ կապիտուլյացիայի են ենթարկվում օտարերկրյա ներդրողների կողմից: Ահա, թե որտեղ է պետք փնտրել շան գլուխը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ