Հայտնի է դարձել ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության ժամանակացույցը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջև կիսաեզրափակիչի հանդիպումը կկայանա հունվարի 10-ին։ Կատալոնական «Բարսելոնան» ու Պամպլոնայի «Օսասունան» եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն հունվարի 11-ին։ Եզրափակիչը կկայանա հունվարի 14-ին։ Բոլոր հանդիպումները կանցկացվեն Սաուդյան Արաբիայում։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության գործող հաղթողը «Բարսելոնան» է, որը նախորդ տարի ռեկորդային՝ 14-րդ անգամ էր նվաճել այս տիտղոսը։