Մադրիդի «Ռեալը» 9 տարվա ընդմիջումից հետո դուրս եկավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչ:
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արքայական ակումբը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց Լա լիգայի առաջատար կատալոնական «Բարսելոնային»: Մադրիդցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, մեկ գոլ էլ խփեց բրազիլացի վինգեր Վինիսիուսը: «Ռեալի» ավագը 3 գոլ խփեց երկրորդ խաղում անընդմեջ։
Նախորդ անգամ «Ռեալը» Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում չորս գոլ խփել էր 60 տարի առաջ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բարսելոնան» Մադրիդում հաղթել էր 1-0 հաշվով:
Մայիսի 6-ին կայանալիք եզրափակիչում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կմրցի Պամպլոնայի «Օսասունայի» հետ, որը նախօրեին պայքարից դուրս էր թողել Բիլբաոյի «Աթլետիկին»:
Իսպանիայի Արքայական գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 0-4 (առաջին խաղը՝ 1-0)
Վինիսիուս, 45+1, Կարիմ Բենզեմա, 50, 58 (11մ), 80