Իսպանիայի դատախազության կողմից կատալոնական «Բարսելոնայի» դեմ ներկայացված՝ մրցավարներին կաշառելու վերաբերյալ հայցում ապացույցներ չկան, հայտնում է Marca-ն:
«Հայցում չկան ապացույցներ, որ «Բարսելոնան» կաշառել է մրցավարներին: Մինչև օրս դրանք միայն հերյուրանքներ են: Առանց ապացույցների որևէ պատիժ սահմանելը հնարավոր չէ»,- փաստաբան Ֆելիպե Իզկվյերդոյի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Այն, որ «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուն և Սանդրո Ռոսելը մոտ 8 միլիոն եվրո են վճարել մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, կասկած չի հարուցում, սակայն այդ արարքի շարժառիթն ու նպատակը հայտնի չեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ, եթե «Բարսելոնայի» նկատմամբ առաջադրված մեղադրանքն ապացուցվի, ակումբը կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկության մասնակցությունից: