Logo

Իսպանիա. Արագ շախմատի մրցաշարում էլ հայ շախմատիստներից լավագույնը Կարեն Գրիգորյանն էր

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:45 / 23.10.2022Շախմատ
null

Իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ավարտվեց շախմատային փառատոնը, որը ներառում էր կայծակնային շախմատի (բլից) 4 և արագ շախմատի մեկ մրցաշար:

Մրցումային վերջին օրը շախմատիստներն իրենց հարաբերությունները պարզեցին արագ շախմատի մրցաշարում:

Հայաստանի ներկայացուցիչներից կրկին լավագույնը Կարեն Գրիգորյանն էր, որը 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը: Հայ գրոսմայստերն ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, իսպանացի Էդուարդո Իտուրիզագային:

Գրիգորյանը տարավ 7 հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի, միակ պարտությունը կրեց 6-րդ տուրում ռուսաստանցի Ալեքսեյ Սարանայից, որը 6,5 միավորով զբաղեցրել էր 12-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը կայծակնային շախմատի 2 մրցաշարում հաղթող էր ճանաչվել, մեկում զբաղեցրել էր 3-րդ տեղը:

Հաջող էր նաև Գաբրիել Սարգսյանի ելույթը, որը 7 միավորով 5-րդն էր: Գաբրիելն անպարտելի մնաց: Նա մեկնարկում 5 հաղթանակ տարավ, հաջորդ 4 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի:

Դավիթ Դավթյանը 7 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը, Մանուել Պետրոսյանը 6,5 միավորով գրավեց 16-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ