Աշխարհի 2026թ. առաջնության Ասիական գոտու ընտրական մրցաշարի 5-րդ փուլի պատասխան խաղում Իրաքի ազգային հավաքականը սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների թիմին։
Գրեմ Առնոլդի գլխավորած թիմը պարտվում էր 0-1 հաշվով, բայց քամբեք արեց` հաղթական գոլը խփելով ավելացված 17-րդ րոպեին։
Իրաքն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3-2 հաշվով, նվաճեց միջմայրցամաքային փլեյ-օֆֆի ուղեգիր և մոտ է 40 տարի անց և պատմության մեջ երկրորդ անգամ Մունդիալին մասնակցելուն։
Իրաքը չորրորդ մասնակիցն է միջմայրցամաքային փլեյ-օֆֆում, որին որակավորվել են նաև Նոր Կալեդոնիայի, Բոլիվիայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականները։ Երկու հավաքական էլ կմիանա հյուսիսամերիկյան ընտրական գոտուց։
Միջմայրցամաքային փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 20-ին, կվիճարկվի ԱԱ-2026-ի երկու ուղեգիր։ Հանդիպումները կկայանան 2026թ. մարտին Մեքսիկայում։
ԱԱ-2026, Ասիական գոտու ընտրական մրցաշար, 5-րդ փուլ, պատասխան հանդիպում
Իրաք - ԱՄԷ` 2-1 (տեսանյութ) (առաջին հանդիպումը` 1-1)
Մեմե, 66, Ամիր Ալ Ամարի, 90+17 (11մ) - Կայո Լուկաս, 52


