«Ինտերն» Ա Սերիայի 24-րդ տուրում հյուրընկալվեց «Ռոմային» և կամային հաղթանակի հասավ 4-2 հաշվով:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան իտալացի պաշտպաններ Ֆրանչեսկո Աչերբին և Ալեսանդրո Բաստոնին, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, «Ռոմայից» ինքնագոլ գրանցեց իսպանացի պաշտպան Անխելինյոն:
56-րդ րոպեին գրանցված ինքնագոլի դրվագում «Ինտերի» կազմում մրցակցի դարպասային հրապարակ սրող փոխանցում կատարեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: 35-ամյա կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Ինտերը» 23 խաղից հետո 60 միավորով Իտալիայի առաջնության առաջատարն է, 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսին», որը նույնքան հանդիպում է անցկացրել: «Ռոման» 24 խաղից հետո 38 միավորով 5-րդն է:
Ա Սերիա, 24-րդ տուր
«Ռոմա» - «Ինտեր»՝ 2-4
Ջանլուկա Մանչինի, 28, Ստեֆան Էլ-Շարավի, 44 - Ֆրանչեսկո Աչերբի, 17, Մարկուս Թյուրամ, 49, Անխելինյո, 56 (ինքնագոլ), Ալեսանդրո Բաստոնի, 90+3


