Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, հետաքրքրված է «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Կողմերը նախնական բանակցություններ են վարել. 48-ամյա մասնագետը դեմ չէ գլխավորել միլանյան գրանդը:
«Ինտերի» կարճ ցանկում են նաև իտալական «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան ու անգլիական «Բրայթոնում» աշխատող Ռոբերտո դե Ձերբին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմի ղեկավարությունը կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին, եթե Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում չհաջողվի հաղթահարել պորտուգալական «Բենֆիկայի» արգելքը:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 29 տուրից հետո «Ինտերը» 51 միավորով 5-րդն է և առաջատար «Նապոլիին» զիջում է 23 միավոր: