Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերն» ու «Նապոլին» չպարզեցին հաղթողին` 1-1։
Ակումբները գոլերը խփեցին առաջին խաղակեսում։ 23-րդ րոպեին «Նապոլիից» աչքի ընկավ շոտլանդացի Սքոթ Մաքթոմինեյը, իսկ «Ներաձուրին» 43-րդ րոպեին պատասխանեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուի հեռահար շքեղ հարվածով։
74-րդ րոպեին Չալհանօղլուն կարող էր նաև հաղթանակ պարգևել Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին, բայց դիպուկ չիրացրեց 11-մետրանոցը. նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Միլանյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Նապոլին» 26 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ինտերը» միավորների քանակը հասցրեց 25-ի և չորրորդ տեղում է։
Իտալիայի Ա սերիա, 12-րդ տուր
«Ինտեր» - «Նապոլի»` 1-1
Հական Չալհանօղլու, 43 - Սքոթ Մաքթոմինեյ, 23
Չիրացված 11-մետրանոց` Հական Չալհանօղլու, 74 («Ինտեր»)