«Ինտերն» Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի վերջին խաղում հյուրընկալվեց «Ուդինեզեին» և հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում՝ 2-1:
Տանտերերի կազմում 40-րդ րոպեին հաշիվը բացեց սերբ կիսապաշտպան Լազար Սամարջիչը, որի՝ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը հայտնվեց դարպասում։
55-րդ րոպեին «Ինտերից» պատասխանեց Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, որը մրցակցի դարպասը գրավեց ավելացված ժամանակի 5-րդ րոպեին:
«Ինտերի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 68-րդ րոպեին: 35-ամյա կիսապաշտպանին փոխարինել է հաղթական գոլի հեղինակ Ֆրատեզին:
«Ինտերը» 82 միավորով մնում է առաջին տեղում, Ինձագիի գլխավորած թիմը 14 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Միլանին»: «Ինտերին» 7 միավոր է բաժանում վաղաժամ չեմպիոնությունից: «Ուդինեզեն» էլ 28 միավորով 15-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 31-րդ տուր
«Ուդինեզե» - «Ինտեր»՝ 1-2
Լազար Սամարջիչ, 40 - Հաքան Չալհանօղլու, 55 (11մ), Դավիդե Ֆրատեզի, 90+5


