Միլանի «Ինտերն» Իտալիայի առաջնության 4-րդ տուրում 3-1 հաշվով տնային հաղթանակ տարավ Ա Սերիայի նորեկ «Կրեմոնեզեին»:
Իտալիայի փոխչեմպիոնի կազմում գոլի հեղինակ դարձան արգենտինացի հարձակվողներ Խոակին Կորեան, Լաուտարո Մարտինեսը և իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան: «Կրեմոնեզեի» միակ գոլը հիմնական ժամանակի վերջին րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Դավիդ Օկերեկեն:
«Ինտերի» հայտացուցակ էր վերադարձել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն խաղադաշտ դուրս չեկավ:
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության առաջին տուրի խաղում (2-1), բաց էր թողել «Սպեցիայի» (3-0) և «Լացիոյի» (1-3) դեմ խաղերը:
«Ինտերը» 9 միավորով երկրորդ տեղում է է, «Կրեմոնեզեն» միավոր չունի և 19-րդն է: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը սեպտեմբերի 3-ին միլանյան դերբիում կմրցի գործող չեմպիոն «Միլանի» հետ, որն օգոստոսի 30-ին գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Սասուոլոյի» հետ և 8 միավորով երրորդ տեղում է:
Հռոմի «Ռոման» էլ 4-րդ տուրում մրցեց առաջնության մեկ այլ նորեկ «Մոնցայի» հետ և հաղթեց 3-0 հաշվով: Հռոմեական թիմի կազմում առաջին գոլերը խփեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան՝ ձևակերպելով դուբլ, մեկ անգամ էլ աչքի ընկավ բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանյեսը:
«Ռոման» 10 միավորով գլխավորեց աղյուսակը, «Մոնցան» միավոր չունի և վերջին՝ 20-րդ տեղում է: «Ռոման» սեպտեմբերի 4-ին 5-րդ տուրում կհյուրընկալվի «Ուդինեզեին», իսկ «Մոնցան» կընդունի Բերգամոյի «Ատալանտային»:
Ա Սերիա, 4-րդ տուր
«Ինտեր» - «Կրեմոնեզե»՝ 3-1 (տեսանյութ)
Խոակին Կորեա, 12, Նիկոլո Բարելա, 38, Լաուտարո Մարտինես, 76 - Դավիդ Օկերեկե, 90
«Ռոմա» - «Մոնցա»՝ 3-0 (տեսանյութ)
Պաուլո Դիբալա, 18, 32, Ռոժեր Իբանյես, 61


