Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան և բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն վիճել են պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (1-0), հայտնում է Daily Mail-ը:
Օնանան բղավել է Ջեկոյի վրա և հրամայել լռել այն բանից հետո, երբ վերջինս նախատել է՝ հորդորելով չվիճել մրցավարի հետ: Խաղընկերների ընդհարմանը միջամտել է թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն, որը մոտեցել է Օնանային ու ձեռքով փակել նրա բերանը:
Հիշեցնենք, որն «Ինտերը» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլի շնորհիվ «Պորտուին» հաղթել էր նվազագույն հաշվով: Պատասխան խաղը կկայանա մարտի 14-ին:
Սա առաջին դեպքը չէ, երբ Անդրե Օնանան հայտնվում է սկանդալային իրավիճակում։ Կատարում կայացած ԱԱ-2022-ի ընթացքում դարպասապահը վիճել էր Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչի հետ ու հայտարարել ազգային թիմից հեռանալու մասին։