Ամերիկյան «Ինտեր Մայամին» Տոկիոյում ընկերական հանդիպում է անցկացրել ճապոնական «Վիսել Կոբեի» հետ ու պարտվել հետխաղային 11-մետրանոցներով։ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով։
«Ինտեր Մայամի» կազմում 60-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ հանդիպումը։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը չի մասնակցել 11-մետրանոց հարվածաշարին, որում ճապոնական ակումբը հաղթել է 4-3 հաշվով։
Հանդիպման առաջին հարվածը կատարել է «Վիսել Կոբեի» ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան։
«Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում խաղին մասնակցել են նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ու պաշտպան Ժորդի Ալբան։ Բուսկետսը 25-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով, Սուարեսը խաղացել է 75 րոպե, իսկ Ալբան անցկացրել է ամբողջ հանդիպումը։
«Ինտեր Մայամին» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 16-ին՝ մրցելով արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» հետ։


