Լիգաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում ամերիկյան «Ինտեր Մայամին» սեփական խաղադաշտում մրցել է «Ատլանտա Յունայթեդի» հետ և հաղթել 4-0 հաշվով:
«Ինտեր Մայամիի» նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մեկնարկային կազմում խաղացել է 78 րոպե և դարձել դուբլի հեղինակ, ինչպես նաև կատարել գոլային փոխանցում: Իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ևս դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 72-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Մեսին «Ինտեր Մայամիում» նորամուտը նշել էր «Կրուս Ազուլի» դեմ խաղում (2-1), փոխարինման էր մտել 54-րդ րոպեին և տուգանայինից խփել առաջին գոլը նոր թիմի կազմում։
Լիգաների գավաթը (Leagues cup) ակումբային մրցաշար է, որին մասնակցում են ԱՄՆ-ի և Մեքսիկայի ակումբները: Այս տարվանից այն անցկացվում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի հովանու ներքո: Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը նվաճում են ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Լիգաների գավաթ, երկրորդ տուր
«Ինտեր Մայամի» - «Ատլանտա Յունայթեդ»՝ 4-0
Լիոնել Մեսի, 8, 22, Ռոբերտ Թեյլոր, 44, 53
Հեռացում՝ Քրիստոֆեր Մակվեյ, 84 («Ինտեր Մայամի»)