Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան ցանկանում է շարունակել մարզական կարիերան: Ավելի վաղ ճապոնական «Վիսել Կոբեն» հայտարարել էր, որ հուլիսի 1-ին 39-ամյա ֆուտբոլիստը կհեռանա ակումբից:
«Մենք ենթադրում էինք, որ կարիերաս այստեղ կավարտեմ, բայց ես շատ եմ ցանկանում շարունակել խաղալ։ Երբեմն պետք է հրաժեշտ տալ, բայց դա շատ դժվար է։ Իմ կապը «Վիսել Կոբեի» հետ կշարունակվի նաև կարիերաս ավարտելուց հետո»,- իսպանացու խոսքը մեջբերում է Relevo-ն։
Ինիեստան 2018 թվականի հուլիսից է խաղում «Վիսել Կոբեում», որի կազմում դարձել է Ճապոնիայի գավաթակիր (2019թ.) և սուպերգավաթակիր (2020թ.): Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն ընթացիկ մրցաշրջանում ճապոնական ակումբի կազմում մասնակցել է 5 հանդիպման, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել: