Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակիցը պարտվել էր հետխաղային 11-մետրանոցներով։
«Ակնհայտ է, որ մենք հիասթափված ենք «Ինտերի» ամբողջ ընտանիքով։ Սակայն պետք է հպարտանանք Չեմպիոնների լիգայում մեր արածով։ Երկրորդ խաղակեսում պետք է ավելի լավ խաղայինք, լրացուցիչ ժամանակում՝ նույնպես։ Ցավոք, թույլ տվեցինք շատ սխալներ։
Դիմարկոյի գոլից հետո տպավորություն էր, որ խաղը մեր ձեռքում է, բայց մրցակիցը շատ արագ խփեց պատասխան գոլը՝ ստանալով շատ էներգիա ու վստահություն․ դա վերաբերում է նաև նրանց երկրպագուներին։
Սովոր չենք պարտությունների։ Մենք հիասթափված ենք, մանրուքները որոշիչ են այս մակարդակում։ Ամեն դեպքում, հարցեր չունեմ իմ խաղացողներին։ Նրանք արեցին այն ամենը, ինչ կարող էին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ առաջին խաղում 1-0 հաշվով հաղթելուց հետո Իտալիայի Ա սերիայի առաջատարը Մադրիդում պարտվել էր 1-2 հաշվով։ Պայքարը տեղափոխվել էր լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում գոլ չէր գրանցվել։ 11-մետրանոց հարվածաշարում «Աթլետիկոն» հաղթել էր 3-2 հաշվով։ «Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 111-րդ րոպեին։


