Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է պորտուգալական «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման մասին: Լիսաբոնում կայացած առաջին խաղում իտալական ակումբը հաղթել է 2-0 հաշվով:
«Մենք գիտենք, թե որքան լավն է մրցակիցը: Դժվար խաղ է լինելու և մենք պետք է ցույց տանք, թե ինչի ենք ունակ: Մենք պետք է շատ աշխատենք, եթե ցանկանում ենք հաղթել:
Մեզ դիմակայելու է մի այնպիսի հիանալի թիմ, որը վերջին շրջանում ներքին առաջնությունում չի գրանցում այն արդյունքները, որին արժանի է:
Գիտենք «Բենֆիկայի» ուժեղ կողմերը: Երկու գոլի առավելություն ունենք, բայց դժվար խաղ է լինելու: Մեր նպատակը քառորդ եզրափակիչ հասնելն էր, հիմա մենք այստեղ ենք և չորս լավագույն թիմերի ցանկում տեղ գտնելու հնարավորություն ունենք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Բենֆիկա» հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, և կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում: