Logo

«Ինձ մեծամիտ չանվանեք, բայց ես առանձնահատուկ եմ». Ինչու է Մոուրինյոն մեծագույններից մեկը պատմության մեջ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
22:10 / 28.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Եթե չեք դիտել «Գլադիատոր» ֆիլմը, չեք դիտել «Առյուծ Արքա» մուլտֆիլմը, չեք ընթերցել «Կոմս Մոնտե Քրիստոն», չեք դիտել «Կարգին հաղորդումը», չեք պարել Руки Вверх-ի 18 мне уже երգի ներքո, ապա ձեր մշակութային կյանքում ինչ-որ բան կիսատ է: Իսկ եթե չեք հետևել Ժոզե Մոուրինյոյի մարզչական կարիերայի լավագույն տարիներին, ապա ձեր ֆուտբոլային կյանքում կա մի մեծ բացթողում: Այո՛, Ժոզեն էլ իր ոլորտում է դասական:

«Առանձնահատուկը» հունվարի 26-ին նշեց իր ծննդյան 62-րդ տարեդարձը՝ լինելով ֆուտբոլային էլիտայից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ բոլոր իմաստներով: 21-րդ դարի կամ բոլոր ժամանակների լավագույն մարզիչների մասին մտածելիս դժվար թե ֆուտբոլասերի մտքին առաջինը գա Մոուրինյոյի անունը: Գվարդիոլա, Անչելոտի, Կլոպ...

Բայց, վստահաբար, Ժոզեն այս մարդկանց հետ նույն սեղանի շուրջ է նստում. նա նույնպես պատմական նվաճումների է հասել, մարզել ու ստեղծել թոփ թիմեր, պարզապես նրա մարզչական կարիերայի լավագույն տարիներն անցյալում են, իսկ այդ տարիներից հետո ցածր նշաձողը ստվերում ու մոռացության է մատնում նրա կերպարը: Մոուրինյոյի բախտը չի բերել նաև այն պատճառով, որ նրա լավագույն տարիներին (2002-2015 թթ.) սոցիալական ցանցերն ակտիվ չեն եղել, նրա ցուցանիշներն ամենօրյա ռեժիմով չեն մատուցվել ֆուտբոլասերին այնպես, ինչպես մատուցվում են այսօր: Բացի մարզական նվաճումներից, պորտուգալացին անհավանական մթնոլորտ էր ստեղծում ասուլիսներին՝ առանձնացող արտահայտություններով, եզրային գծի մոտ էլ նրա արարքները շարքային հանդիպումները վերածում էին ներկայացումների:

Man United boss Jose Mourinho explains Juventus gesture: 'They insulted me  for 90 minutes' - ESPN

FastNews-ը Մոուրինյոյի ծննդյան տարեդարձի առթիվ հիշել է նրա կարիերան, ընդգծել լավագույն տարիներն ու մեծագույն նվաճումները և այդ ամենը հիմք ընդունել՝ նրան համարելով մեծագույն մարզիչներից մեկը ֆուտբոլի պատմության մեջ:

ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԲԵՄԵԼԸ «ՊՈՐՏՈՒՈՒՄ»

2000-ականները եվրոպական ֆուտբոլում զարթոնքի տարիներ էին. Անչելոտիի «Միլանում», Դել Բոսկեի «Ռեալում», Ռայկարդի «Բարսելոնայում», Լիպիի «Յուվենտուսում», Վենգերի «Արսենալում» ու Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում էին ոչ թե պարզապես աստղեր, այլ լեգենդար ֆուտբոլիստներ՝ Շևչենկո, Զիդան, Ռոնալդինյո, Բուֆոն, Անրի, Սքոուլզ, Տոտի, Ռոնալդո, Դել Պիերո և այդպես շարունակ:

Ու հենց այդ ժամանակաշրջանում շատ հանկարծակի ֆուտբոլային քարտեզում հայտնվեց Ժոզե Մոուրինյոն՝ իր համեստ «Պորտուի» ղեկին: ՈՒԵՖԱ-ի գավաթի (ներկայիս Եվրոպա լիգան) նվաճումը պարզապես նախերգանքն էր այն անհավանական հաջողության, որ գրանցեց Մոուի «Պորտուն»: 2003/04 մրցաշրջանում «Վիշապները» հաղթեցին Չեմպիոնների լիգան մի կազմով, որի հարձակման գծում խաղում էին Դեռլեյը և Բենի Մըքարթին: Այս անուններն այնքան անհայտ են, որ կարդալիս տպավորություն է, կարծես մեկն իտալական կոշիկի բրենդ լինի, մյուսը՝ 20-րդ դարում իր լավագույն տարիներն անցկացրած անգլիացի ռոք երգիչ: «Պորտուն» հաղթեց Չեմպիոնների լիգան ոչ թե փորձի, ոչ թե կազմի, այլ մարզչի՝ Ժոզե Մոուրինյոյի շնորհիվ: Եթե ցանկանում եք պատկերացնել՝ որքան անհավանական նվաճում է սա, կարող եք նայել 21-րդ դարում ՉԼ-ն հաղթած թիմերի ցանկը ու կտեսնեք, որ «Պորտուն» միակն է, որ չի ներկայացնում եվրոպական թոփ-5 ազգային առաջնություններից մեկը: Իսկ ինչո՞ւ է սա հե՛նց Մոուրինյոյի նվաճումը. քանի որ նրա հեռանալուց հետո «Պորտուն» նույնիսկ կիսաեզրափակիչ չի հասել ՉԼ-ում: 

Porto and Inter Milan Fans Chant Mourinho's Name Ahead of Champions League  Game

ՆՈՐ ԳՐԱՆԴԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ՝ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՁԵՌԱՄԲ

Ինչպես են այսօր աշխարհում մարդիկ ընկալում «Չելսին». որպես գրանդ ակումբ, լավագույններից մեկն աշխարհում: Իսկ ինչպես էին ընկալում մարդիկ «Չելսին» 2004-ին. որպես միջինից բարձր անգլիական ակումբ: 

«Չելսիի» տրանսֆորմացիան միջակից մինչև գրանդ տեղի ունեցավ արագ, մեծապես 2 հոգու շնորհիվ: Առաջինը Ռոման Աբրամովիչն է, որի հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ ստիպեց գնել անգլիական ակումբը, ֆինանսավորել ու բարձր նշաձողեր սահմանել թե՛ մարզական, թե՛ մարքեթինգի տեսանկյունից: Երկրորդը Ժոզե Մոուրինյոն է, առանց որի Աբրամովիչի ջանքերն ու փողերը կտային մոտավորապես այն նույն արդյունքը, ինչը մենք տեսնում ենք Թոդ Բոելիի ժամանակաշրջանում:

Մոուրինյոն դարձավ «Չելսիի» մարզական տնօրեն-սկաուտ-մարզիչը, որը, գալով Լոնդոն, թիմի կազմը հավաքելու պատասխանատվություն ստանձնեց, իսկ հետո այդ կազմի շնորհիվ «Չելսիին» դարձրեց ոչ միայն անգլիական, այլ նաև եվրոպական գրանդ: 

«Ինձ կարող եք մեծամիտ համարել, բայց ես Եվրոպայի չեմպիոն եմ ու առանձնահատուկ...»
Ժոզե Մոուրինյո, առաջին ասուլիսը «Չելսիում»

Նախ՝ Մոուրինյոն Պորտու - Լոնդոն չվերթով իր հետ տարավ Ռիկարդո Կառվալյուին ու Պաուլու Ֆերեյրային, հետո՝ նրա նիդերլանդական ռադարները հայտնաբերեցին 20-ամյա Արյեն Ռոբենին: Իր թիմի դարպասը Ժոզեն վստահեց մեկ այլ անհայտի՝ «Ռենից» հրավիրելով Պետր Չեխին: Դե իսկ այդ տարիներին կենտրոնական հարձակվողների լիության մեջ պորտուգալացու ընտրությունը կանգ առավ Դիդյե Դրոգբայի վրա: Նա անձամբ համոզեց Աբրամովիչին հրավիրել իվուարցուն: 

Եվ այսպես, նոր ու երիտասարդ մարզչով, նոր ու անհայտ կազմով «Չելսին» սկսեց 2004/05 մրցաշրջանը, ներխուժեց «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Արսենալի» միջև արդեն ձանձրացնող չեմպիոնական մրցավազք և շոկի ենթարկեց թե՛ Ֆերգյուսոնին, թե՛ Վենգերին: 95 միավոր (!!!), ընդամենը 1 պարտություն (!!!) և բաց թողած ընդամենը 15 գոլ (!!!): Պատկերացրեք՝ ի՜նչ գրառումներ կլինեին, ի՜նչ արձագանք կունենար այս նվաճումը հիմա: 

Չեմպիոնների լիգայում էլ «Չելսին» շատ հեռուն գնաց՝ հասնելով կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Լիվերպուլին» մի գոլով, որը պատմության մեջ մնաց որպես «ուրվական գոլ»: Նույնիսկ բրիտանացի գիտնականները չկարողացան պարզել, թե ինչպես այդ (չ)գոլն արձանագրվեց: 

2005/06-ից առաջ ժամանեց Մայքլ Էսիենը, «Չելսին» իր խաղաոճն ավելի ամրապնդեց ու կրկին վստահորեն հաղթեց Պրեմիեր լիգան, այս անգամ՝ 91 միավորով: 

Մոուրինյոն հեռացավ «Չելսիից» 2007-ին ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, վերադարձավ 2013-ին ու ևս մեկ անգամ երկրի չեմպիոնություն պարգևեց «Ազնվականներին»: Մոուրինյոյի ժառանգությունն այս ակումբում անմահ է ու անգին, հենց նրա շնորհիվ «Չելսին» ստացավ գրանդի կարգավիճակ, նրա շնորհիվ «Չելսին» ունեցավ իր ուրույն տեղը և խաղաոճը եվրոպական ֆուտբոլում, նրա «Չելսիին» գոլ խփելն անհաղթահարելի մարտահրավեր էր թվում: Ու հենց նրա շնորհիվ է նաև, որ հիմա արդեն բազմաթիվ ֆուտբոլասերների կարծիքով Լոնդոնը կապույտ է: 

ԿԱՏԵՆԱՉՈՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆ «ԻՆՏԵՐՈՒՄ»

Մինչև 2010 թվականը իտալական ֆուտբոլում 2 տերմին էր արդիական՝ Կալչոպոլի և Կատենաչո: Կալչոպոլին կապված էր «Յուվենտուսի» հետ, իսկ Կատենաչոն այլ մակարդակի հասցրեց Մոուրինյոն: Ներքին ասպարեզում հաջողություններ գրանցելու հարցում խոչընդոտները շատ չէին. «Ռոման» վաղուց չէր ձգում չեմպիոնական պայքարում, «Յուվենտուսը» չկար, ու «Ինտերը» մեկ մրցակից ուներ: 

«Ինտերի» ղեկին Ժոզեի գլխավոր նվաճումը Եվրոպայում էր: Այստեղ, ի տարբերություն «Չելսիի», Մոուրինյոն կառուցեց կարճաժամկետ հաջողությունների համար նախատեսված թիմ՝ լի «ծերուկներով»: Բայց այնքան կարևոր չէին անհատները, որքան մարտավարությունը: Ժոզեի «Ինտերը» պաշտպանողական տակտիկայի էտալոն է: «Առանձնահատուկը» կառուցեց երկշերտ պաշտպանություն. մրցակիցը ստիպված էր հաղթահարել Կամբիասո-Ստանկովիչ-Մոտա շերտը, հետո բախվելու էր երկրորդ շնչառություն հավաքած Լուսիո-Սամուել վետերանների զույգին, իսկ հետո պիտի կարողանար գոլ խփել Ժուլիո Սեզարին: Նահանջում էին նաև հարձակման գծի ֆուտբոլիստները: Օրինակ՝ Սամուել Էտո՛Օ-ն որոշ խաղերում գործում էր որպես եզրային պաշտպան: Միայն այս կոլեկտիվ, աննախադեպ թիմային ջանքերի շնորհիվ էր, որ Ժոզեի «Ինտերը» կարողացավ կանգնեցնել Պեպի «Բարսելոնային»:

«Մոուրինյոն ինձ խնդրեց խաղալ եզրային պաշտպանի դիրքում, ու ես սիրով արեցի դա: Այլ մարզչի նմանատիպ պահանջ երբեք չէի կատարի, բայց Ժոզեի համար պատրաստ եմ նույնիսկ խոտը կրծել...»
Սամուել Էտո՛Օ

2009/10 մրցաշրջանում «Ինտերը» դարձավ այն եզակի թիմերից, որ թրեբլ նվաճեց, հաղթեց Չեմպիոնների լիգան՝ եզրափակիչում պարտության մատնելով «Բավարիային»: Այդ «Ինտերը» մինչև այսօր իտալական վերջին թիմն է, որ հաղթել է Չեմպիոնների լիգան: 

Retro Report: Jose Mourinho mastermind as 10-man Inter reach final at  Barcelona's expense - TNT Sports

Մոուրինյոյին ճանապարհեցին արցունքներով, իսկ Ժոզեն գնաց իր՝ Պեպին հակախաղ գտնելու առաքելության հետքերով: 

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ «ՌԵԱԼ»՝ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿՆ ԱԿՈՒՄԲԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մոուրինյոն շարունակեց իր յուրահատուկ ճանապարհորդությունը ու վերադարձավ Պիրենեյան թերակղզի, բայց բացահայտեց նոր երկիր, նոր առաջնություն: 

Ժոզեն գնաց «Ռեալ»՝ իր առջև ունենալով անհավանական մարտահրավերներ. թիմին նորից դարձնել լավագույններից մեկն աշխարհում, ստեղծել ձեռագիր (մի բան, որ «Ռեալը» չուներ այդ տարիներին, որքան էլ տարօրինակ հնչի հիմա) և վերջապես կանգնեցնել Պեպի՝ անհավանական ընթացք ունեցող «Բարսելոնային»: Ժոզեն 3 տարի անցկացրեց «Ռեալում» ու հերթականությամբ հաղթահարեց այդ բոլոր մարտահրավերները:

Առաջին հերթին Մոուրինյոն փոխեց մթնոլորտը հանդերձարանում, փոխեց ֆուտբոլիստների հոգեբանությունը: «Ռեալում» սկսեցին հավատալ, ավելի ճիշտ՝ վերհիշել, թե ովքեր են իրենք: Մինչև Ժոզեի գալը «Ռեալը» 6 անգամ անընդմեջ դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից, 6 տարի «Ռեալի» եվրագավաթային մրցաշրջանն ավարտվում էր փետրվար-մարտ ամիսներին: Ոչ մի եվրոպական թիմ չէր սարսափում մադրիդյան գրանդին հանդիպելու մտքից: Մոուրինյոյին հաջողվեց կոտրել 1/8 եզրափակիչի պատնեշը «Ռեալի» համար մղձավանջ դարձած «Լիոնի» հետ դիմակայությունում: 3 անգամ անընդմեջ «Ռեալը» հասավ ՉԼ կիսաեզրափակիչ: Եթե առաջին կիսաեզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունն օրինաչափ էր՝ հաշվի առնելով Պեպի թիմի անզուսպ հզորությունը, ապա «Բորուսիայից» ու հատկապես «Բավարիայից» հետխաղյա հարվածաշարում պարտությունը մինչև հիմա ցավեցնում է թիմի երկրպագուներին ու հենց Ժոզեին, և այն, որ «Ռեալը» Ժոզեի հետ այդպես էլ չհաղթեց Չեմպիոնների լիգան, ֆուտբոլի մեծագույն անարդարություններից է: Հոգեբանական այս արգելքը հաղթահարելը, ՉԼ կիսաեզրափակիչներում այս ապտակները ստանալը հիմք դրեցին «Ռեալի»՝ հաջորդ 11 մրցաշրջաններից 6-ում Չեմպիոնների լիգայի նվաճումներին: 

Mourinho says 2012 Champions League Semi-Final loss was worst career moment  - Managing Madrid

Ժոզեն «Ռեալին» տվեց նաև խաղաոճ, հակագրոհային խաղաոճ: Ոչ մի թիմ աշխարհում ավելի արագ ու ավելի արդյունավետ չէր գրոհում, քան «Ռեալը», երբ գնդակը խլում էր մրցակցից: Այս խաղաոճն իր գագաթնակետին հասավ 2011/12-ին, երբ «Ռեալը» ռեկորդային թվերով հաղթեց Լա լիգան՝ 100 միավոր ու 121 գոլ: Հակագրոհային այս խաղաոճը՝ պաշտպանությունից դեպի մրցակցի կիսադաշտ ճշգրիտ փոխանցումներով անցումը, մնաց թիմի այցեքարտը նաև հաջորդ տարիներին: Կառլո Անչելոտին ու Զինեդին Զիդանը հաճույքով օգտագործում էին այդ հումքը՝ կերտելով նոր հաջողություններ: Որպես հավելում՝ հենց Մոուրինյոն էր, որ հրավիրեց Մոդրիչին Մադրիդ: «Ոսկե գնդակի» դափնեկիրը Ժոզեի թիմում մեծ դեր չուներ, բայց հետագայում դարձավ «Ռեալի» լեգենդը:

«Ֆուտբոլիստին բացահայտելն ամենակարևոր գործոններից է: Մի՛ լսեք նրանց, ովքեր հորդորում են ձեզ ջութակ նվագել այն դեպքում, եթե դուք ամենալավը կարողանում եք հարվածել թմբուկին...»
Ժոզե Մոուրինյո

Եվ, վերջապես, Մոուրինյոն դարձավ Պեպի «Բարսայի» հակաթույնը, հակախաղը, հակակշիռը: Առաջին Կլասիկոն (0-5) բախում էր դաժան իրականության հետ, բայց 3 տարիների ընթացքում Մոուրինյոյին հաջողվեց նախ՝ ստեղծել պատմական մրցակցություն Գվարդիոլայի հետ, իսկ հետո՝ արդեն գտնել «Բարսայի» դեմ արդյունավետ հակախաղ:

Jose Mourinho vs Pep Guardiola: The History Of A Bitter Rivalry - Newsweek

Մարզչական ոլորտը ֆուտբոլում երբեք չի լճանում. գալիս են երիտասարդ մարզիչներ՝ նոր մեթոդներով, նոր գաղափարներով, նոր մոտեցումներով: Մոուրինյոյի մեթոդներն այս անվերջանալի հոսքում դադարեցին արդյունք տալ, նրա նշաձողն էլ ժամանակի հետ իջավ: «Մանչեսթեր Յունայթեդում» ձախողումից հետո նա աշխատեց «Տոտենհեմում», հետո՝ «Ռոմայում», հիմա էլ հասել է «Ֆեներբահչե»: Ժոզեն, իհարկե, պահվածքով չի փայլում. կարելի է հիշել վեճեր, ավելորդ ագրեսիա, կոնֆլիկտներ ինչպես ակումբների ղեկավարների, այնպես էլ ֆուտբոլիստների հետ (Մխիթարյանը, Կասիլյասը, Մատան, Կական ու բազմաթիվ այլ աստղեր կհաստատեն սա), բայց, միևնույն է, այն ամենը, ինչ նա արել է իր լավագույն տարիներին, ինչ նա տվել է իր ակումբներին ու ֆուտբոլին առհասարակ, Ժոզեին դարձնում են իսկապես առանձնահատուկ ու մեծագույն մարզիչներից մեկն այս մարզաձևի պատմության մեջ...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ