ԱԱ-2026-ի ընտրական փուլի Իռլանդիա – Հայաստան խաղի ամենահիշարժան դրվագներից մեկը տանտերերի ավագ Շեյմուս Քոուլմանի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանի բախումն, որը, իռլանդացիների կարծիքով, հատուկ պատճառ ուներ, գրում է sportsjoe.ie-ը:
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի դարպասապահը վերցրեց գնդակը, բայց նրա ուղղությամբ վազող Քոուլմանը չարգելակեց և բախվեց հայ ֆուտբոլիստին, ինչից հետո սկսվեց կարճատև վիճաբանություն: «Էվերթոնի» աջ պաշտպանը վստահեցնում է, որ բախումը միտումնավոր չէր, բայց իռլանդացիները դրվագն արդեն համեմատում են «մեմ» դարձած խոսքերի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» ու Իռլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինն ավելի վաղ ասել էր. «Գիտեք... Ես խաղի ժամանակ կբախվեի որևէ ֆուտբոլիստի, որպեսզի լավ զգայի»:
Իռլանդիայում Քոուլմանի ու Ավագյանի բախման դրվագը համեմատում են Ռոյ Քինի խոսքերի հետ և հստակ կապ տեսնում:
Իռլանդիա - Հայաստան հանդիպումն ավարտվել էր տանտերերի հաղթանակով՝ 1-0: Հայաստանի հավաքականը 52-րդ րոպեին՝ Տիգրան Բարսեղյանի կարմիր քարտից հետո, մնացել էր 10 ֆուտբոլիստով. ազգային թիմի ավագը գլխով հարվածել էր մրցակցի ֆուտբոլիստ Ֆին Ազազի դեմքին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով չորրորդ տեղում է ընտրական մրցաշարի F խմբում։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 10, Հունգարիան` 5, Իռլանդիան` 4 միավոր։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին` սեփական դաշտում մրցելով Հունգարիայի թիմի դեմ։
Կարդացեք նաև՝
- Մելիքյան. «Կարմիր քարտը կոտրեց մեր խաղը»
- Հալգրիմսոն. «Երբ հայերը մնացին 10 ֆուտբոլիստով, սկսեցին ավելի համարձակ խաղալ»
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


