Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում շվեդական «Կալմարին» կընդունի Աբովյանի քաղաքային մարզադաշտում։ Ըստ ակումբի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է այդ հանդիպումը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն տեղափոխելու խնդրանքը։
«Հարգելի երկրպագուներ, օգոստոսի 3-ին «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ փուլի ուղեգրի համար մրցելու է շվեդական «Կալմարի» հետ Աբովյանի մարզադաշտում։
Ուրախությամբ փաստում ենք, որ խաղի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, սակայն հիմք ընդունելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժեց այս խաղը Վ․ Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ տեղափոխելու մեր խնդրանքը, ինչպես նաև Աբովյանի ստադիոնի սահմանափակ տեղերը, առաջիկա հանդիպմանը մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս։
Ստադիոնի դռները երկրպագուների առաջ կբացվեն 17։00-ից, այնպես որ, կոչ ենք անում նախապես ամրագրել ձեր տեղը։
Սիրով սպասում ենք։ Կհանդիպենք»,- ասվում է «Փյունիկի» հայտարարությունում։
Ի պատասխան VNews-ի հարցմանը՝ ՀՖՖ-ից հայտնեցին, թե ինչու «Փյունիկին» չի տրամադրվել «Հանրապետական» ստադիոնը։
«Այն հանգամանքը, որ «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներն անցկացնելու է Աբովյանում, որոշվել է ոչ թե ՀՖՖ-ի կողմից, այլ ՀՖՖ և «Փյունիկ» ՖԱ միջև կնքված պայմանագրի համաձայն:
2023 թ. մարտի 1-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագրեր է կնքել այդ պահին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին 4 հորիզոնականները զբաղեցնող ակումբների՝ «Ուրարտուի», «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի», «Ալաշկերտի» հետ առ այն, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի առաջին երկու փուլի հանդիպումները կարող է անցկացնել միայն Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի չեմպիոն թիմը:
Նույն պայմանագրերից մեկում, մասնավորապես, ամրագրված է, որ չեմպիոն չդառնալու դեպքում «Փյունիկը» ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին երկու փուլերի հանդիպումները պետք է անցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում: Այսինքն, «Փյունիկը» այս մասին իմացել է ոչ թե վիճակահանությունից հետո, այլ 2023 թ. մարտի 1-ին:
Եվրոպական ակումբային ցանկացած մրցաշարի որակավորման երրորդ փուլ դուրս գալու դեպքում ինչպես «Փյունիկը», այնպես էլ մյուս ակումբներն իրենց հանդիպումները կարող են անցկացնել միմիայն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում»,- ասվում է ՀՖՖ-ի պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Փյունիկը» 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Կալմարի» նկատմամբ։ Պատասխան հանդիպումը նախատեսված է օգոստոսի 3-ին։
Նախորդ մրցաշրջանում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։


