Logo

Ինչո՞ւ դիտել UFC 311-ի հիմնական քարտն ամբողջությամբ

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
19:20 / 17.01.2025Խառը մենամարտեր
Բացառիկ
null

Հունվարի 18-ը խառը մենամարտերի երկրպագուների համար սպասված օր է, իսկ հայ երկրպագուների համար՝ գերկարևոր։ UFC-ն սպասվող մարտական երեկոյի կազմը ներկայացրեց դեռևս նախորդ տարեվերջին: Հենց այդ պահից էլ պարզ էր, որ տարվա առաջին խոշոր մարտական երեկոն կարող է լավագույնը մնալ ամբողջ 2025-ի համար։ Հայ երկրպագուներին ամենաշատը հետաքրքրում է վերջին չեմպիոնական մենամարտը, որտեղ Արման Ծառուկյանը փորձելու է Իսլամ Մախաչևից խլել չեմպիոնական գոտին:

FastNews-ը ներկայացնում է երեկոյի հիմնական քարտի այն մենամարտերը, որոնք ևս բաց թողնել պետք չէ։

ՔԵՎԻՆ ՀՈԼԱՆԴ – ՌԵՆՅԵ ԴԵ ՌԻԴԵՐ

Սկզբում օկտագոն դուրս կգան լիգայի հնաբնակ Քևին Հոլանդն ու նորեկ Ռենյե Դե Ռիդերը։ Վերջինն արդեն 34 տարեկան է, բայց խառը մենամարտերի այս հեղինակավոր օկտագոնում անցկացնելու է ընդամենը 2-րդ մենամարտը։ Իսկ Հոլանդն արդեն 7 տարի է՝ UFC-ում է, և հասցրել է մենամարտել միջին քաշի ուժեղագույններից շատերի դեմ։ Փորձի հաշվին ֆավորիտի կարգավիճակ ունեցող Քևինն գերազանց է զգում կանգնած դիրքում և հարվածաշարերի ժամանակ, իսկ նիդերլանդցին առավելություն ունի պարտերում և չի գերադասում կանգնած դիրքը։ Սրանք հանգամանքներ են, որոնք կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ մենամարտի ելքի վրա։ Հոլանդ – Դե Ռիդեր մրցակցությունը հիանալի նախապատրաստություն է սպասվող մենամարտերից առաջ:

ԲԵՆԵԻԼ ԴԱՐԻՈՒՇ – ՌԵՆԱՏՈ ՄՈՅԻԿԱՆՈ

Այնուհետև օկտագոնը կկիսեն թեթև քաշային կարգի մարտիկները՝ Բենեիլ Դարիուշն ու Ռենատո Մոյիկանոն, որոնք ապագայում կարող են լինել նաև Արման Ծառուկյանի մրցակիցները: Չմոռանանք, որ Արմանն այս քաշային կարգի 5 լավագույնների շարքում հայտնվել է նաև Դարիուշին հաղթելու շնորհիվ: Թե՛ Դարիուշը, թե՛ Մոյիկանոն 35 տարեկան են, բայց ունեն խիստ տարբեր կարգավիճակներ: ԱՄՆ-ն ներկայացնող Դարիուշը կրել է 2 անընդմեջ պարտություն և անկման փուլում է, չնայած նշված պարտությունները եղել են թոփ մրցակիցներից։ Ի տարբերություն Բենեիլի՝ Մոյիկանոն կարիերայի լավագույն հատվածի ճանապարհին է։ Բենուա Սեն Դենիին «չնկատելուց» հետո բրազիլացին փոխեց շատերի կարծիքն ու տեղ վաստակեց այս քաշային կարգի թոփ-10-ում։ Ոճային առումով այս տղաները շատ չեն տարբերվում, երկուսն էլ նախընտրում են պարտերում աշխատանքը: Մեծ է հավանականությունը, որ 3 ռաունդ ականատես կլինենք բարձրակարգ գրեփլինգի։

ԻՐԺԻ ՊՐՈՀԱԶԿԱ – ՋԱՄԱԼ ՀԻԼ

Հաջորդիվ երեկոյի լավագույն մենամարտի կոչման գլխավոր ֆավորիտ զույգն է՝ Իրժի Պրոհազկա – Ջամալ Հիլ։ Մարտիկներ, որոնք միասին 3 անգամ կիսածանր քաշային կարգի չեմպիոնական գոտու համար պայքարել են Ալեքս Պերեյրայի դեմ, բայց ոչ մի դեպքում չեն հաջողել: Ի դեպ, բրազիլացու գերիշխանությունից առաջ հենց այս մարտիկներն էին միմյանց փոխարինում չեմպիոնի կարգավիճակում։ Չի բացառվում, որ այս զույգի հաղթողը ևս մեկ անգամ ստանա գոտին վիճարկելու հնարավորություն, բայց մինչև այդ պետք է հաղթահարել սպասվող բարդագույն արգելքը։ Կասկածից վեր է, որ այս տղաները մեծամասամբ պայքարելու են կանգնած դիրքում, քանի որ երկուսն էլ ընդգծված հարվածային մարտիկներ են, իսկ Ջամալ Հիլն ըմբշամարտի հնարքների հետ «լավ հարաբերություններ չունի»: Այս փաստը Պրոհազկայի համար կարող է հաղթաթուղթ դառնալ, քանի որ նա ավելի բազմազան մարտիկ է, թեև Պերեյրայի դեմ 2 մենամարտերում էլ չփորձեց նրան տեղափոխել պարտեր: Այս դիմակայությունը երեկոյի չեմպիոնական մենամարտերին ընդառաջ լավագույն նախապատրաստությունն է։ UFC-ի ամբողջ դաժանությունը գնահատող երկրպագուները հաստատ չեն հիասթափվի Պրոհազկայի ու Հիլի բախումից։

ՄԵՐԱԲ ԴՎԱԼԻՇՎԻԼԻ – ՈՒՄԱՐ ՆՈՒՐՄԱԳՈՄԵԴՈՎ

Իսկ Արմանի ու Իսլամի միջև բախումից առաջ թեթևագույն քաշային կարգի գոտին կվիճարկեն Մերաբ Դվալիշվիլին և Ումար Նուրմագոմեդովը։ Սա երեկոյի ամենալարված զույգն է, քանի որ մարտիկների միջև ի սկզբանե եղել է անձնական հակակրանք: Այս ամենը հետագայում վերածվել է փոքրիկ բախումների, որոնք օկտագոնում կարող են դրսևորվել թեյքդաունների տեսքով։ Երկուսն էլ գրեփլինգի ունակությունների առումով այս քաշային կարգում տարբերվում են մյուսներից։ Կանգնած դիրքում ևս նրանցից ինչ որ մեկին առավելություն տալը բարդ է: Մարտիկների միջև հիմնական տարբերությունը կարող է լինել դիմադրողականությունը: Մերաբը հաճախ հաղթում է մրցավարների որոշմամբ, իսկ Ումարը, որի դիմացկունությունը դեռ հարցեր է առաջացնում, կարիերայում 5 ռաունդ մենամարտել է ընդմանը մեկ անգամ։ Ամեն դեպքում, այս տղաները երեկոյի գլխավոր մենամարտից առաջ մեծ շոու կկազմակերպեն օկտագոնում։

UFC-311-ը կկայանա հունվարի 19-ի գիշերը: Մրցաշարը, սկսած ժամը 05:00-ից, կհեռարձակվի բացառապես Fast TV հավելվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա