Logo

Ինչպես կտրվել արմատներից. «Միլանի» ամերիկյան ճանապարհը

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
16:00 / 09.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

««Ռոսոներին» ցանկացավ, որ ամեն ինչ լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ...»

Մրցաշրջանի սկզբում այսպես էի գնահատել իտալական գրանդի մարզչական փոփոխությունը: Ժամանակը ցույց տվեց, որ չէի սխալվել:

«Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեն նախորդ տարվա գարնանը տիֆոզերիայի հետ հանդիպման ժամանակ լուրջ դեմքով հայտարարեց, որ ավելի շատ է ուշադրություն դարձնելու թիմին, ավելի մոտ է լինելու երկրպագուներին, բայց սահմանափակվեց մի քանի խաղ ստադիոնից դիտելով:

Այն, որ Կարդինալեն նոր «Միլան» է կառուցում, հասկացել էին բոլորը: Լեգենդար ակումբից մնացել է միայն պատմությունը, ավելի շուտ՝ մնացել էր Պաոլո Մալդինին, սակայն ամերիկյան նվաճողները «դարավոր կաղնին» նույնպես արմատախիլ արեցին:

Պատմական շերտը վերջնականապես վերացնելու համար անհրաժեշտ է ազատվել նաև վաղուց սուրբ համարվող գլխավոր ամֆիթատրոնից:

Վաղ թե ուշ «Միլանը» նոր տուն կունենա, «Սան Սիրոն» էլ կմնա պատմության գրկում, ավելի ճիշտ՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի գրկում: Բայց դա այլ պատմություն է...

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո «Միլանի» «Ծերակույտը» որոշեց շնորհակալություն հայտնել նոր դարաշրջանում առաջին Սկուդետոն նվաճած Ստեֆանո Պիոլիին և մեկ քայլ առաջ կատարել:

Նոր մարզչի թեկնածուները շատ էին՝ Թոմաս Տուխել, Էդին Թերզիչ, Մասիմիլիանո Ալեգրի, Մաուրիցիո Սարի: Շրջանառվում էր նաև Սերժիու Կոնսեյսաուի անունը (տեղեկություն կար, որ պորտուգալացին «Պորտուից» հեռացել էր՝ «Միլանի» առաջարկն ընդունելու համար), բայց վերջնական ընտրությունը տարօրինակ էր:

Պաուլու Ֆոնսեկան Իտալիայում աշխատելու փորձ ուներ: Նրա «Ռոման» ժամանակին ռոմանտիկ ֆուտբոլ էր խաղում, սակայն իմունիտետ չուներ:

Ինչ էր ցանկանում «Միլանը» նոր մարզչից՝ այդպես էլ չհասկացանք:

Սկզբում Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց, որ Ֆոնսեկայի համակարգը համապատասխանում է ակումբի պահանջներին, բայց երբ առաջին ասուլիսի ժամանակ պորտուգալացին խոսեց տրանսֆերային ցանկությունների մասին, նրանց միջև սև կատու անցավ:

Իբրան անմիջապես ցույց տվեց իր «աստվածային» կարգավիճակը, Ֆոնսեկան նահանջեց, բայց դիրքերը վերականգնեց դերբիում՝ չեմպիոնի դեմ խաղում տարած հաղթանակով:

Ժամանակը ցույց տվեց, որ լոկալ հաջողություններն ամեն անգամ նոր կյանք էին տալիս սև-կարմիր ապարանքում հայտնված պորտուգալացի «Մարիոյին»:

Պաուլուն ամերիկյան կարուսելի մեջ էր, ադրենալինի չափաբաժինը մեծացավ «Ռեալի» դեմ խաղում հաղթանակից հետո, սակայն գլխապտույտը չէր վերանում:

Հանդերձարանում նույնպես խաղաղ չէր: Առաջատարներ Թեո Էռնանդեսն ու Ռաֆայել Լեաուն տառապում էին աստղային վարակից, չէին ընդունում մարզչի առաջարկած դեղատոմսը:

Այդ ընթացքում շահեց Տիջանի Ռեյնդերսը. Ֆոնսեկան նրան ազատություն տվեց, իսկ նիդերլանդցին սկսեց «թռչել»:

Հավակնոտ Պաուլուն ցանկանում էր իր համակարգը ներդնել, բայց նրան ժառանգություն մնացած ֆուտբոլիստները չափանիշներին չէին համապատասխանում:

«Միլանում» շատ լավ հասկանում էին, որ նոր թիմ հավաքելը ծախսատար է, սակայն չէին զսպում ախորժակը, իսկ կարուսելը կանգ չէր առնում:

Պորտուգալացին 24 խաղում 12 հաղթանակ տարավ, բայց դարձավ քավության նոխազ:

Ակումբի հիերարխիան հասկացավ, որ սխալվել է ընտրության հարցում և վերադարձավ Կոնսեյսաուի տարբերակին:

Սերժիուն տրիումֆով նշեց նորամուտը, Իբրահիմովիչն էլ հանդերձարանում հերթական ճառը կարդաց, բայց առջևում դառն իրականությունն է:

Կոնսեյսաուն խելացի մարզիչ է՝ ֆուտբոլային հետաքրքիր փիլիսոփայությամբ: Նրա «Պորտուն» ընդամենը մեկ անգամ չի կարողացել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել, մեկ անգամ էլ չի հայտնվել խմբային փուլում:

«Միլանը» նոր մարտահրավեր է, հարթակ, որը թույլ կտա բարձրանալ էլիտար բուրգի աստիճաններով, բայց կարող է նաև վնասել:

Առաջին լուրջ քայլը միստերը կատարեց. նա «Վիշապների տնից» կրակ բերեց «Միլան», իսկ արագ նվաճած տիտղոսը հոգեբանական տեսանկյունից կրկնակի արժեքավոր դարձավ:

Առջևում իտալական օպերայի երկրորդ արարն է, բայց այս արիան պատկանում է Սերժիու Կոնսեյսաուին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա