Իտալիայի երկրորդ լիգան` Բ սերիան, ներկայացնող «Կոմոն» 21 տարի անց հանդես կգա Ա սերիայում։
Առաջնության վերջին` 38-րդ տուրում ակումբը 1-1 հաշվով է ավարտել «Կոզենցայի» դեմ հանդիպումը։ Այդ արդյունքը թույլ է տվել «Կոմոյին» 73 միավորով զբաղեցնել երկրորդ տեղը և նվաճել ուժեղագույնների խմբի ուղեգիր։
«Կոմոյի» մարզչական շտաբում է ընդգրկված նաև Լոնդոնի «Արսենալի», «Չելսիի», կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը։
«Կոզենցայի» դեմ խաղից հետո «Կոմոյի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Ֆաբրեգասն ու ֆուտբոլիստները հետևում երկրորդ տեղի համար պայքարում հիմնական մրցակցի` «Վենեցիայի» մասնակցությամբ հանդիպման վերջնամասին։ «Վենեցիան» արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվել է «Սպեցիային», ինչից հետո «Կոմոյի» մարզչական շտաբը ցնծում էր` Ա սերիա դուրս գալու կապակցությամբ։
«Վենեցիան» 70 միավորով առաջնությունն ավարտել է երրորդ տեղում և մասնակցելու է անցումային փլեյ-օֆֆին։