«Նյուքասլի»՝ Լիգայի գավաթակիր դառնալուց հետո Անգլիան հաջորդ մրցաշրջանում կարող է 11 ներկայացուցիչ ունենալ եվրոպական մրցասպարեզում, հաղորդում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը:
Անգլիայի Լիգայի գավաթակիրը ստանում է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր: Սակայն եթե «Նյուքասլը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանն ավարտի առնվազն 5-րդ տեղում, ապա այդ ուղեգիրը բաժին կհասնի ամենաբարձր վարկանիշ ունեցող հաջորդ թիմին, որն առաջնության արդյունքներով չի որակավորվել եվրագավաթային մրցաշարի համար:
Ո՞Ր ԹԻՄԵՐՆ ԵՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՎՈՒՄ ԵՎՐԱԳԱՎԱԹԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՄԱՐ
ՈՒԵՖԱ-Ի ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
Լավագույն քառյակի թիմերը հանդես են գալիս Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում: 5-րդ տեղի թիմը նույնպես կարող է ՉԼ ուղեգիր նվաճել՝ պայմանավորված այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի ակումբների՝ եվրագավաթային մրցաշարերում հավաքական հաջողություններով: Դրանց արդյունքում ՈՒԵՖԱ-ն կարող է լրացուցիչ տեղ հատկացնել Անգլիային:
ՈՒԵՖԱ-Ի ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Եվրոպա լիգայի երկու ուղեգիր բաժին է հասնում անգլիական այն ակումբներին, որոնք բավարարել են հետևյալ չափորոշիչները.
- 5-րդ տեղի թիմը որակավորվում է մրցաշարի Լիգայի փուլին կամ 6-րդ տեղի թիմը, եթե մրցաշրջանի արդյունքներով ՉԼ ուղեգիր բաժին է հասել 5 թիմի:
- Անգլիայի գավաթի հաղթողը որակավորվում է Լիգայի փուլին:
ՈՒԵՖԱ-Ի ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Անգլիայի Լիգայի գավաթի հաղթողը որակավորվում է մրցաշարի Լիգայի փուլին:
ԻՆՉՊԵ՞Ս Է ՓՈՓՈԽՎՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Եթե Անգլիայի գավաթի հաղթողը նվաճել է Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի ուղեգիր Պրեմիեր լիգայի մրցաշրջանի արդյունքներով կամ Չեմպիոնների լիգան հաղթելու շնորհիվ, ապա Եվրոպա լիգայում նրա ուղեգիրը բաժին է հասնում ամենաբարձր վարկանիշով հաջորդ ակումբին, որը մրցաշարերից և ոչ մեկին չի որակավորվել:
Եթե Անգլիայի Լիգայի գավաթի հաղթողը նվաճել է Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի ուղեգիր Պրեմիեր լիգայի մրցաշրջանի արդյունքներով կամ Չեմպիոնների լիգան/Եվրոպա լիգան հաղթելու շնորհիվ, ապա Կոնֆերենցիաների լիգայում նրա ուղեգիրը բաժին է հասնում ամենաբարձր վարկանիշով հաջորդ ակումբին, որը մրցաշարերից և ոչ մեկին չի որակավորվել:
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ՆՅՈՒՔԱՍԼԻ»՝ ԱՆԳԼԻԱՅԻ ԼԻԳԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԴԱՌՆԱԼԸ
«Նյուքասլն» արդեն ապահովել է Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը, սակայն ազգային առաջնությունում շարունակում է պայքարել՝ ավելի բարձր վարկանիշով եվրագավաթային մրցաշարի ուղեգրի համար:
Եթե Էդի Հաուի թիմը նվաճի Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի ուղեգիր, ապա Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիրը բաժին կհասնի ամենաբարձր վարկանիշով հաջորդ ակումբին, որը մրցաշարերից և ոչ մեկին չի որակավորվել:
Այդ թիմը Պրեմիեր լիգայում տեսականորեն կարող է զբաղեցնել նույնիսկ 11-րդ տեղը:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է 11-ՐԴ ՏԵՂԻ ԹԻՄԸ ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ ԵՎՐԱԳԱՎԱԹԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՄԱՐ
Ստորև այն սցենարն է, որի դեպքում Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի արդյունքներով 11-րդ տեղը զբաղեցրած թիմը կստանա Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր.
- «Լիվերպուլը», «Արսենալը», «Նոթինգհեմ Ֆորեսթը», «Մանչեսթեր Սիթին» նվաճում են Չեմպիոնների լիգայի ուղեգիր՝ որպես լավագույն քառյակի թիմեր,
- «Նյուքասլը» 5-րդ տեղով որակավորվում է մրցաշարին եվրագավաթային մրցաշարերում հաջողությունների համար անգլիական ակումբներին ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված հավելյալ տեղի արդյունքում,
- «Բրայթոնը» զբաղեցնում է 6-րդ տեղը և նվաճում Եվրոպա լիգայի ուղեգիր,
- «Բորնմութը» զբաղեցնում է 7-րդ տեղը, հաղթում Անգլիայի գավաթը՝ նվաճելով Եվրոպա լիգայի ուղեգիր,
- «Չելսին» զբաղեցնում է 8-րդ տեղը, հաղթում է Կոնֆերենցիաների լիգան և նվաճում Եվրոպա լիգայի ուղեգիր,
- «Ասթոն Վիլան» զբաղեցնում է 9-րդ տեղը, բայց հաղթում է Չեմպիոնների լիգան և նվաճում մրցաշարի ուղեգիր,
- «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Տոտենհեմը» զբաղեցնում է 10-րդ տեղը, բայց հաղթում է Եվրոպա լիգան՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Այս օրինակով «Նյուքասլի»՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիրը չի կարող բաժին հասնել լավագույն տասնյակի թիմերից և ոչ մեկին, քանի որ նրանք արդեն իսկ ապահովել են եվրագավաթային մրցաշարի ուղեգիր:
Հետևաբար «Նյուքասլի»՝ Անգլիայի Լիգայի գավաթը հաղթելու շնորհիվ ապահոված ուղեգիրը բաժին կհասնի Անգլիայի Պրեմիեր լիգայում 11-րդ տեղը զբաղեցրած թիմին:


