Logo

Ինչ են խոսել Բարսեղյանն ու Ռոնալդուն

21:21 / 09.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանը հունգարական Nemzeti Sport-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է Հունգարիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարում կայանալիք առաջիկա խաղին, խոսել է նաև Պորտուգալիայի թիմի դեմ սեպտեմբերին Երևանում կայացած հանդիպման (0-5) ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուի հետ շփման մասին:

«Մենք գիտեինք, թե ում դեմ ենք խաղում։ Պորտուգալիան Ազգերի լիգայի գործող հաղթողն է։ 0-5 հաշվով պարտությունը նախազգուշացում էր: Հունգարիան տանը պարտվեց նրանց ընդամենը մեկ գոլի տարբերությամբ, և դա շատ բան է ասում Մարկո Ռոսիի թիմի ուժի մասին:

Պորտուգալացիների դեմ մրցավեճի երկրորդ խաղակեսում Ռոնալդուն հարցրեց ինձ, թե ինչու ենք մենք այդքան խորը պաշտպանվում և չենք փորձում գոլ խփել։ Ես պատասխանեցի՝ «Եթե այդքան հեշտ լիներ»։ Ապա նա կատակեց՝ ասելով, որ ինքը մեկ գոլ կխփի, հետո իմ հերթը կլինի։ Եվ իրոք, կես րոպե անց նա գոլ խփեց՝ ցույց տալով, որ հիմա իմ հերթն է:

Մենք տանը չէինք հաղթել մեկ տարուց ավելի, ուստի Իռլանդիայի հավաքականի դեմ խաղացինք սրտով ու հոգով։ Երկրպագուներն իսկապես օգնեցին մեզ. մարզադաշտը լեփ-լեցուն էր:

Հունգարացիները հիանալի թիմ ունեն, նրանցից շատերը խաղում են լավագույն ակումբներում, և նրանց թիկունքում կլինի 60,000 երկրպագու։ Բայց խաղը սկսվում է 0-0 հաշվով, և մենք խաղադաշտ դուրս չենք գա հանձնված։ Մենք կպայքարենք մինչև վերջ:

Խմբի ճակատագիրը կարող է որոշվել Բուդապեշտում և Դուբլինում կայանալիք խաղերում։ Այս խաղերից հետո պարզ կլինի, թե որ հավաքականները կմնան փլեյ-օֆֆի խաղերի համար պայքարում»,- ասել է Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ ընտրական F խմբում երկու տուրից հետո Պորտուգալիան 6 միավորով առաջատարն է, Հայաստանը՝ երեք միավորով երկրորդը, Հունգարիան և Իռլանդիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կհյուրընկալվի Հունգարիայի ազգային թիմին, իսկ երեք օր անց Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կմրցի Իռլանդիայի դեմ, որին սեպտեմբերի 9-ին «Հանրապետական» ստադիոնում հաղթել էր 2-1 հաշվով:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ