Լա լիգայի չորրորդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ» խաղից (1-2) անմիջապես հետո «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մոտեցել է մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին և իր դժգոհությունն արտահայտել Դին Հաուսենի հեռացման վերաբերյալ, հայտնում է Marca-ն:
«Խեսուս, ես չեմ ուզում, բայց դու ինձ վատ մտքերի մեջ ես գցում, ընկեր: Չտեսա՞ր, որ Միլիտաոն կանգնած էր նրա կողքին: Նա հինգ մետր հեռավորության վրա էր: Սա անպայման կհասնի Մրցավարների ազգային կոմիտե, անպայման կցուցադրվի տեսանյութով»,- ասել է Ալոնսոն, որի խոսքը ֆիքսել է Movistar+-ի տեսախցիկը:
Հիշեցնենք, որ հանդիպման առաջին կեսում Խեսուս Խիլ Մանսանոն ուղիղ կարմիր քարտ էր ցույց տվել «Ռեալի» պաշտպան Դին Հաուսենին Միկել Օյարսաբալի հետ պայքարում «վերջին հույսի խախտման» համար: Խաղացողներն այդ պահին նոր էին հատել «Ռեալի» կիսադաշտը, իսկ Էդեր Միլիտաոն մի քանի մետր հեռավորության վրա էր: Հաուսենի հեռացումից անմիջապես հետո Չաբի Ալոնսոն բորբոքվել էր՝ բացականչելով՝ «անհավանական է, սա անհավական է»: «Ռեալի» գլխավոր մարզիչն այդ ժամանակ զգուշացվել էր դեղին քարտով:
Հեղինակավոր The Athletic-ը գրում է, «Արքայական ակումբը» պատրաստվում է զեկույց ներկայացնել ՖԻՖԱ-ին «իսպանական ֆուտբոլում մրցավարության վերաբերյալ»:

