«Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը Հայաստանում մարզչական գործունեության առաջին իսկ տարում մեծ հաջողության հասավ՝ իր սաներին առաջին անգամ գավաթային բարձունքին հասցնելով: Մոլդովացի մասնագետը կարող է ևս մեկ տիտղոս նվաճել, եթե առաջնության ավարտական տուրում «Նոային» հաջողվի հաղթել «Արարատ-Արմենիային» ու չեմպիոն հռչակվել:
Իգոր Պիկուշչակը դարձավ Հայաստանի գավաթակիր թիմ պատրաստած 20-րդ մարզիչը: Իսկ այլազգի մարզիչներից նա նման հաջողության հասած 5-րդ մասնագետն է: Նախկինում գավաթի նվաճման բերկրանքն իրենց սաների հետ կիսել էին արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան, չեխ Յան Պոշտուլկան և իսպանացի Տիտո Ռամալյոն:

Լուիս Օգանան՝ գավաթի եզրափակիչների ամենաարագ գոլերի հեղինակների տասնյակում
Իսկ ահա Վարդան Մինասյանը, որի գլխավորությամբ նախկինում «Փյունիկը» 2 անգամ գավաթակիր էր դարձել, առաջին անգամ եզրափակչում իր սաների հետ չկարողացավ նվաճել պատվավոր մրցանակը:
Մարզիչներից յուրօրինակ ռեկորդակիրը Վարուժան Սուքիասյանն է, որի գլխավորած թիմերը 4 անգամ նվաճել են պատվավոր մրցանակը (1992թ.՝ «Բանանց», 1998-1999թթ.՝ «Ցեմենտ», 2008թ.՝ «Արարատ»): Երկու անգամ էլ նա իր սաների հետ անհաջողության է մատնվել գավաթի եզրափակչում: Նախկինում Սուքիասյանի օրոք 2007թ. գավաթի եզրափակչում պարտություն էր կրել «Արարատը»՝ լրացուցիչ ժամանակում 1-3 հաշվով զիջելով «Բանանցին», իսկ 2017/18թթ. գավաթի խաղարկության վճռորոշ խաղում նրա գլխավորությամբ «Ալաշկերտը» հետխաղյա 11մ հարվածներով զիջել էր «Գանձասար-Կապանին»:

Եզրափակիչ, որը երբեք չի մոռացվի․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» մեգադրամատիկ խաղից
Այսպիսով, Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմերը 6 անգամ հանդես են եկել գավաթի եզրափակչում, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է:
VNews.am-ը ներկայացնում է այն 20 մարզիչների ցանկը, որոնց բախտ է վիճակվել իրենց սաների հետ Հայաստանի գավաթով պատվո շրջան կատարել մարզադաշտում:
| Մարզիչներ | Գավաթ | Ակումբներ | Մրցաշրջան |
| 1.Վարուժան Սուքիասյան | 4 | «Բանանց», «Ցեմենտ», «Արարատ» | 1992, 1998-1999, 2008 |
| 2.Արմեն Սարգսյան | 2 | «Արարատ» | 1993-1994 |
| 3.Էդուարդ Մարգարով | 2 | «Միկա» | 2000-2001 |
| 4.Արմեն Ադամյան | 2 | «Միկա» | 2005-2006 |
| 5.Վարդան Մինասյան | 2 | «Փյունիկ» | 2009-2010 |
| 6.Սարգիս Հովսեփյան | 2 | «Փյունիկ» | 2013/14-2014/15 |
| 7.Վարդան Բիչախչյան | 2 | «Շիրակ» | 2012, 2016/17 |
| 8.Սամվել Դարբինյան | 1 | «Արարատ» | 1995 |
| 9.Խորեն Հովհաննիսյան | 1 | «Փյունիկ» | 1996 |
| 10.Արկադի Անդրեասյան | 1 | «Արարատ» | 1997 |
| 11.Օսկար Լոպես | 1 | «Փյունիկ» | 2002 |
| 12.Սուրեն Բարսեղյան | 1 | «Միկա» | 2003 |
| 13.Միխայ Ստոյկիցա | 1 | «Փյունիկ» | 2004 |
| 14.Յան Պոշտուլկա | 1 | «Բանանց» | 2007 |
| 15.Արմեն Շահգելդյան | 1 | «Միկա» | 2011 |
| 16.Ռաֆայել Նազարյան | 1 | «Փյունիկ» | 2012/13 |
| 17.Տիտո Ռամալյո | 1 | «Բանանց» | 2015/16 |
| 18.Աշոտ Բարսեղյան | 1 | «Գանձասար-Կապան» | 2017/18 |
| 19.Աբրահամ Խաշմանյան | 1 | «Ալաշկերտ» | 2018/19 |
| 20.Իգոր Պիկուշչակ | 1 | «Նոա» | 2019/20 |

