Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրաժեշտի հանդիպում կանցկացնի ազգային թիմի կազմում, հայտնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հունիսի 8-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենայում» Շվեդիայի և Սերբիայի հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում, որի ընթացքում երկրպագուները և կազմակերպիչները շնորհակալություն կհայտնեն 42-ամյա ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 122 հանդիպում և խփել է 62 գոլ: Լեգենդար հարձակվողն ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:
Իբրահիմովիչը ռեկորդային 12 անգամ ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2013-ին տարվա լավագույն գոլի համար ստացել է Պուշկաշի մրցանակը:
Այժմ շվեդ գերաստղը իտալական «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեի գլխավոր խորհրդականն է: «Միլանը» նրա կարիերայի վերջին ակումբն է։


