Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրավիրվել է Շվեդիայի հավաքական՝ մասնակցելու Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղերին:
«Մենք ժամանակ առ ժամանակ կապ էինք պահպանում Իբրահիմովիչի հետ, քանի դեռ նա վնասվածք էր ստացել: Նա զգում է, որ պատրաստ է և կարող է օգուտ տալ թիմին:
Նրա անհատականությունն ու առաջատարի որակներն անհրաժեշտ են մեզ անգամ խաղադաշտից դուրս, բայց հրավերի գլխավոր պատճառն այն է, որ նա կարող է օգտակար լինել խաղադաշտում:
Զլատանը ցանկանում է իր ներդրումն ունենալ առաջիկա խաղերում: Ես նրան չեմ համարում մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, սակայն նա խաղադաշտ դուրս կգա, երբ որևէ բան փոխելու անհրաժեշտություն լինի»,- ասել է Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Անդերսոնը, հաղորդում է SVT-ն:
Հիշեցնենք, որ 41-ամյա Իբրահիմովիչը նախորդ անգամ ազգային թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել 2022 թվականի մարտին՝ ԱԱ-2022-ի որակավորման փուլում մասնակցելով Լեհաստանի դեմ խաղին (2-0): Շվեդիայի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 121 հանդիպում, դարձել 62 գոլի հեղինակ և թիմի պատմության լավագույն ռմբարկուն է։