«Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան չի հասկացել, թե ինչու է մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեան իրեն դեղին քարտ ցույց տվել «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում (3-2), հաղորդում է Movistar-ը:
«Ի՞նձ, ինչո՞ւ. ես 11-մետրանոց չեմ պահանջել»,- իսպանական աղբյուրը հեռարձակման կադրերից վերծանել է Ռաֆինյայի՝ մրցավարին ուղղված խոսքերը:
Հիմնական ժամանակին ավելացված վերջին վայրկյաններին Ռաֆինյան «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոյի հետ պայքարից հետո ընկել էր խոտածածկին: Խաղի մրցավար Բենգոեչեան անմիջապես ցույց էր տվել 11-մետրանոց նշակետը, սակայն տեսակրկնապատկերը դիտելուց հետո չեղարկել էր որոշումը և սիմուլյացիայի համար դեղին քարտով զգուշացրել բրազիլացուն: Հիմնական ժամանակն ավարտվել էր 2-2 հաշվով, և խաղը տեղափոխվել էր լրացուցիչ ժամանակ, որտեղ «Բարսելոնան» ևս մեկ գոլ էր խփել ու պատմության մեջ 32-րդ անգամ նվաճել տիտղոսը:


