
Հայաստանի ազգային հավաքականը 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ տուրում ևս անչափ կարևոր 2 միավոր կորցրեց՝ մրցակցի հարկի տակ ոչ-ոքի (1-1) խաղալով իսլանդացիների հետ:
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
- Հայաստանի հավաքականին չհաջողվեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 2-րդ անգամ հաղթել Իսլանդիայի ընտրանուն, որին պարտության էր մատնել մարտի 28-ին Երևանում կայացած մրցավեճում (2-0): Այդ խաղում Հայաստանի հավաքականին վերջապես ոչ միայն հաջողվել էր գրավել իսլանդացիների դարպասը, այլև առաջին հաղթանակն էր տոնել մրցակցի նկատմամբ:
Իսկ մինչ այդ մրցակիցների միջև կայացած 3 հանդիպումներից երկուսում միևնույն 2-0 հաշվով հաղթել էին իսլանդացիները, երևանյան մրցավեճն էլ ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
- Ընտրական մրցաշարի 2-րդ անընդմեջ խաղում ՀՀ հավաքականը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ բավարարվելով ոչ-ոքիով: Լիխտենշտեյնի հավաքականի հետ նախորդ խաղում էլ մեր ընտրանին 2 կարևոր միավոր էր կորցրել՝ հաղթանակը ձեռքից բաց թողնելով խաղավերջում: Ընտրական մրցաշարի վերջին 4 հանդիպումներում ՀՀ հավաքականն ընդամենը 3 միավոր է վաստակել՝ կրելով մեկ պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի, խփելով ընդամենը 2 գոլ, բաց թողնելով 8 գնդակ:
- ՀՀ հավաքականը շարունակեց առանց հաղթանակների խաղերի շարքը՝ հասցնելով 6-ի: Այդ հանդիպումներում մեր ընտրանին 4 խաղ ավարտել է ոչ-ոքի, 2 պարտություն է կրել, խփել է ընդամենը 4 գոլ, բաց է թողել 12 գնդակ: Վերջին հաղթանակը մեր ֆուտբոլիստները տարել են մարտի 31-ին՝ Երևանում աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 3-2 հաշվով պարտության մատնելով ռումինացիներին:
Առանց հաղթանակների այս շարքը վատագույնն է վերջին 5 տարում: Իսկ ՀՀ հավաքականի պատմության մեջ վատագույն ցուցանիշը գրանցվել է 2014թ. մայիսի 31-ից մինչև 2016թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, երբ մեր ֆուտբոլիստները 14 խաղ շարունակ չեն կարողացել հաղթել մրցակիցներին՝ կրելով 11 պարտություն, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի:
- Չնայած 2 թանկարժեք միավորի կորստին, ՀՀ հավաքականի ներկայիս արդյունքը (7 խաղում 12 միավոր) շարունակում է լավագույնը մնալ աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում: Մինչ այդ ՀՀ հավաքականն անցկացրած 7 հանդիպումներում առավելագույնը 9 միավոր էր վաստակել Վարդան Մինասյանի օրոք 2014 թ. ընտրական մրցաշարում:
- Կամո Հովհաննիսյանը 2-րդ գոլը խփեց ՀՀ հավաքականում: Նա գոլերի հաշիվը բացել էր անցյալ տարվա հոկտեմբերի 14-ին Տալլինում Էստոնիայի հավաքականի հետ կայացած Ազգերի լիգայի մրցախաղում՝ 8-րդ րոպեին գրավելով Կառլ Հեյնի պաշտպանած դարպասը: Այդ խաղում էլ Հովհաննիսյանի գոլը հաղթական չդարձավ. գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1: Կամոն աշխարհի առաջնությունների ընտրական մրցախաղերում գոլ խփած ՀՀ հավաքականի 35-րդ ֆուտբոլիստն է, որը դարձավ այդ մրցաշարերում մեր ընտրանու խփած 60-րդ գոլի հեղինակը:
Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:
1 2