Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում չորրորդ մենամարտն անցկացրեց ծննդյան տարեդարձի օրը և հասավ հաղթանակի:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում գյումրեցի բռնցքամարտիկը ժամանակից շուտ հաղթեց մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազային: Երկրորդ ռաունդում Բաչկովը նոկդաունի ենթարկեց մրցակցին, որը կարողացավ ոտքի կանգնել ու ավարտին հասցնել ռաունդը, սակայն ընդմիջումից հետո հրաժարվեց շարունակել պայքարը։
Դեկտեմբերի 2-ին Հովհաննես Բաչկովը դարձել է 30 տարեկան: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած նախորդ երեք մենամարտերում ևս նա հաղթել էր: Բաչկովը նախորդ մենամարտն անցկացրել էր մարտի 19-ին Դուբայում, որտեղ ուժեղ էր գտնվել արգենտինացի Կրիստիան Կորիայից։ Մենամարտն ավարտվել էր 8-րդ ռաունդում։


