Logo

Արմեն Բաբալարյան. «Ընտրել ենք օպտիմալ կազմ»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:00 / 06.10.2022Ըմբշամարտ
Բացառիկ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն օպտիմալ կազմով է մասնակցելու հոկտեմբերի 17-23-ն Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կայանալիք աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությանը։ VNews-ի հետ զրույցում նախօրեին հրապարակված կազմի ընտրությունն այդպես մեկնաբանեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

«Այժմ անցկացնում ենք նախապատրաստական վերջին փուլը։ Մարզումներն ընթանում են նորմալ, տղաների մոտեցումից գոհ եմ։ Մարզումային գոտեմարտերին կանցնենք մի քանի օրից։ Այդ ընթացքում արդեն ամբողջական պատկերացում կկազմենք ըմբիշների մարզավիճակի մասին, կհստակեցնենք մեզ հետաքրքրող բոլոր հարցերը։

Ինչ վերաբերում է թիմի կազմին, ապա ուզում եմ վստահեցնել, որ մենք թույլ մարզիկների չենք գործուղում նման կարգի մրցումների։ Մասնակիցներ չենք ունենալու մինչև 55 և 130 կգ քաշային կարգերում։ Այդ քաշային կարգերի մեր երիտասարդ ըմբիշները դեռ աճելու տեղ ունեն։ Մի խոսքով՝ ընտրել ենք օպտիմալ կազմ։ Ամեն ինչ անելու ենք լավ հանդես գալու և մարզասերների ակնկալիքներն արդարացնելու համար։ Մենք այլ կերպ չենք կարող»,- նշեց Արմեն Բաբալարյանը։

Մ23 աշխարհի առաջնության հունահռոմեակնների պայքարում Հայաստանը կներկայացնեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։

Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 15-ին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ