Logo

Արմեն Բաբալարյան. «Մ23 ԱԱ-ում արդյունքը գնահատում եմ բավարար»

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:55 / 25.10.2022Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ասուլիսում ամփոփել է Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը: 8 ըմբիշով մրցավայր մեկնած Հայաստանի թիմը նվաճել էր մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, Գևորգ Թադևոսյանը (87 կգ) դարձել էր փոխչեմպիոն, իսկ Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:

«Գնահատում եմ բավարար, քանի որ յուրաքանչյուր մեդալից մեկականն ունենք։ Մրցանակային տեղ գրավելու ակնկալիք ունեինք ևս մի քանի փորձառու ըմբիշներից, որոնք տարբեր պատճառներով դուրս մնացին պայքարից։ Նկատի ունեմ Տիգրան Մինասյանին (60 կգ), Սահակ Հովհաննիսյանին (67 կգ) և Շանթ Խաչատրյանին (72 կգ)»,- նշեց մարզիչը։

Անդրադառնալով Գագիկ Հակոբյանի (82 կգ) և Հայկ Խլոյանի (97 կգ) մասնակցությանը՝ Արմեն Բաբալարյանը նկատեց, որ նրանք պարտվեցին հավասար պայքարում, բայց հեռանկարային ըմբիշներ են, որոնց հետ պետք է անհատական աշխատանք կատարվի տարբեր որակների բարելավման համար։

Իսկ առաջին անգամ մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը, ըստ մարզչի, դարձյալ ապացուցեց, որ ինքն ամենաուժեղն է։

«Մալխասն ընդամենը մեկ ամիս առաջ շատ դժվար գոտեմարտեր էր անցկացրել մեծահասակների աշխարհի առաջնությունում, սակայն որոշեցինք, որ պետք է մասնակցի նաև այս մրցմանը, քանի որ հաջորդ տարվանից չի կարողանալու ներկայանալ մինչև 23 տարեկանների մրցաշարերին։ Ինչպես միշտ նրան բաժին էին հասել անչափ ուժեղ մրցակիցներ, բայց Մալխասն ապացուցեց, որ ինքը լավագույնն է»,- հայտարարեց մարզիչը։

Ըստ Արմեն Բաբալարյանի, 2022 թվականը հաջողված էր, քանզի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեկական աշխարհի չեմպիոն ունեցավ տարիքային բոլոր խմբերում։ Նա նշեց, որ հունահռոմեական ոճի ըմբիշները մրցաշրջանը կավարտեն դեկտեմբերի 20-22-ը կայանալիք Հայաստանի մեծահասակների առաջնությամբ, որին կկարողանան մասնակցել նաև լավագույն երիտասարդ մարզիկները։

Ասուլիսին մասնակցեցին նաև Մ23 ԱԱ-ի փոխչեմպիոն Գևորգ Թադևոսյանը և բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը։ Պողոսյանի խոսքով՝ ինքն ավելի բարձր կարգի մեդալ նվաճելու հնարավորությունից զրկվեց տեխնիկական սխալի պատճառով։ Իսկ Թադևոսյանը նշեց, որ իր մասնակցությունը միջին է գնահատում, քանի որ եզրափակիչում լիարժեք չդրսևորեց իրեն, շտապեց, սխալվեց և պարտվեց։      
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ