
տուր
01 Հունվար 1970 - 12:08
- 
Հայաստանի հավաքականը շարունակում է փայլուն ելույթների շարքը Խոակին Կապառոսի գլխավորությամբ։ Իսպանացի մասնագետի նորամուտի խաղում կրելով պարտություն հյուսիսմակեդոնացիներից՝ մեր ազգային թիմը 6 հանդիպում է՝ պարտություն չի կրում, իսկ վերջին 3 խաղում Դավիդ Յուրչենկոն գնդակ չի ընդունում սեփական դարպասը։ Ի տարբերություն Լիխտենշտեյնի դեմ խաղի, որտեղ մեր տղաները հիմնականում գրոհում էին, Իսլանդիայի հետ խաղում նրանք ցույց տվեցին, որ պաշտպանությունում էլ ամեն ինչ ընտիր է։ Ցածր գնահատականով կամ առանց դրա ֆուտբոլիստ չի լինի։
Դավիդ Յուրչենկո – 8,5

Մի շարք երկրպագուների և մասնագետների որակմամբ՝ Հայաստանի հավաքականի վերջին արդյունքների առյուծի բաժինը Դավիդ Յուրչենկոյի շնորհքն է։ 35-ամյա դարպասապահը, եթե խաղի ժամանակ գործ չի ունենում անելու, ապա գոնե իր ներկայությամբ արդեն վստահություն է ներշնչում իր առջևում գործող ֆուտբոլիստներին։
Կոնկրետ այս խաղում Յուրչենկոն հիանալի հանդես եկավ՝ մի քանի անգամ վստահ հետ մղելով մրցակցի հարվածները, իսկ 0-1 հաշվի ժամանակ մեծ դժվարությամբ փրկել է մեր թիմին վերահաս գոլից։ Բոլոր ստանդարտների ժամանակ Յուրչենկոն ժամանակին է դուրս եկել, անթերի տնօրինել է պաշտպանների գործողությունները։ Միանշանակ լավագույններից էր։
Դավիթ Յուրչենկոն 2 տպավորիչ ռեկորդով նշեց ծննդյան 35-ամյակը
Վարազդատ Հարոյան – 8,5

Հայաստանի հավաքականի ավագն այսօր դաշտում «Սերխիո Ռամոս էր» անում։ Մեր «3» համարը պաշտպանության կենտրոնում պարզապես ահ ու սարսափ էր մրցակիցների համար։ Հայաստանի ընտրանու հետին գծի առաջատարը ոչ մի շանս չէր տալիս մրցակցին տնօրինելու գնդակը սեփական տուգանային հրապարակում։
Բոլորն ակնկալում էին, որ իսլանդացիները մեր թիմին հիմնականում կգերազանցեն երկրորդ հարկում։ Սակայն բարձրից եկող գրեթե բոլոր փոխանցումների տերն ու տիրակալը Հարոյանն էր։ Ի սկզբանե պարզ էր, որ մրցակիցը խաղալու է հենց այդ խաղաոճով։ Խոակին Կապառոսից էլ հստակ հանձնարարություն ստանալով՝ «փակել մեր տուգանային հրապարակի օդային սահմանը», Հարոյանն անթերի էր։
Տարոն Ոսկանյան – 7

«Ալաշկերտի» կենտրոնական պաշտպանը շատերի համար անսպասելիորեն, տեղ ստացավ հիմնական կազմում խաղալու, քանի որ առաջին խաղում Չալըշըրն ու Հարոյանը միասին վատ չէին համագործակցել։ Դաշտ դուրս գալով իսլանդացիների հետ մեկնարկային կազմում՝ Ոսկանյանը չափից դուրս շատ էր սխալվում առաջին կեսում։ Միայն 12-րդ րոպեից մինչև 30-րդը, Ոսկանյանը 3-4 անգամ գնդակը խաղի մեջ մտցնելիս սխալվեց՝ այն հանձնելով մրցակցին։
Սակայն երկրորդ կեսում, երբ պայքարն ավելի սրվեց, Ոսկանյանը կերպարանափոխվեց ու սկսեց ավելի վստահ խաղալ։ Տպավարություն է, որ ընդմիջմանը նրա հետ լուրջ զրուցել էին Հարոյանն ու Կապառոսը, ինչից հետո Ոսկանյանի խաղում վերելք նկատվեց։ Գոլ ընդունելուց հետո իսլանդացիները սկսեցին ավելի հաճախ խաղալ երկրորդ հարկում, սակայն Ոսկանյանն ու Հարոյանը մրցակցի բոլոր ջանքերը 0-ի հավասարեցրին։
Հովհաննես Համբարձումյան – 7,5

Ինչպես նշել էինք, մեր նախորդ «գնահատման օրագրում», Խոակին Կապառոսը, գլխավորելով Հայաստանի հավաքականը, բալանսավորեց մեր թիմի եզրային պաշտպանների խաղը։ Նախկին մարզիչների օրոք Հովհաննես Համբարձումյանը, օրինակ, շատ հաճախ էր միանում գրոհների։ Անգամ ավելին, քան, գուցե, անհրաժեշտ էր։
Հատկապես իսլանդացիների հետ խաղում, Համբարձումյանը հիմնականում պաշտպանվում էր (լիխտենշտեյնցիների հետ խաղում պաշտպանվելու իմաստ չկար)։ Ինչպես միշտ, Համբարձումյանը խաղաց մեծ նվիրումով՝ քանիցս գնալով ֆիզիկապես ավելի պինդ ու բարձրահասակ մրցակիցների դեմ անհավասար պայքարի։ Չնայած այդ ամենին՝ Համբարձումյանը արագությամբ չէր զիջում հյուրերից և ոչ մեկին, իսկ անհատական պայքարում քանիցս հաղթող դուրս եկավ։
Կամո Հովհաննիսյան – 8

Իր բնույթով Հայաստանի հավաքականի եզրային պաշտպանները մի փոքր տարբերվում են։ Կամո Հովհաննիսյանն, ի տարբերություն Հովհաննես Համբարձումյանի, մի փոքր ավելի շատ է գնում գրոհների։ Դա ունի մեկ օբյեկտիվ պատճառ. Կամոն ավելի բարձր արագություն ունի, քան Համբարձումյանը։ Այս «օպցիան» թույլ է տալիս Հովհաննիսյանին՝ խաղալ ցանկացած ոճի ֆուտբոլ։
Իսլանդիայի հետ խաղում Հովհաննիսյանը գործում էր փոփոխական ակտիվությամբ՝ հիմնականում կատարելով Կապառոսի առաջնահերթ հանձնարարությունը՝ փակի տակ պահել մրցակցի հնարավոր առաջխաղացումը աջ թևով։ Ինչպես միշտ, Կամոն իր եզրը զմրսեց, մեկ ու մեջ էլ արագացումներ արեց դեպի մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ՝ ստիպելով մրցակցին անհանգստությունից մի քիչ «ծերանալ»։
Արտակ Գրիգորյան – 8,5

Հայաստանի հավաքականի «զրահամեքենան» նորից քննադատներին խոսելու տեղիք գրեթե չտվեց։ Իսլանդիայի հետ երևանյան խաղը ցույց տվեց ևս մեկ անգամ, որ Գրիգորյանը ոչ միայն ֆիզիկապես է ամրակազմ, այլև հոգով ու մտքով։
«Ալաշկերտի» ֆուտբոլիստը երկու խաղակեսերում էլ գերազանց մաքրում էր բոլոր գնդակները, որոնք անցնում էին դաշտի միջին հատվածով։ Այո, մրցակիցների՝ կենտրոնով հակագրոհների ժամանակ Արտակը զիջում էր արագությամբ, փոխհատուցում՝ գնդակը խլելու նախանձելի ցանկությամբ։ Հենց նրա ջանքերով մրցակիցը հիմնականում հույսը դրել էր զուտ երկար փոխանցումների վրա։ Դրան էլ գումարեք առաջին գոլի ասիստը, և կստանաք թույն ցուցանիշ:
Սոլոմոն Ուդո – 8

Կարագանդայի «Շախտյորը» ներկայացնող հենակետային կիսապաշտպանն այս անգամ ևս ապացուցեց, որ Վբեյմարից վատ թեկնածու չէ հիմնական կազմում խաղալու համար։ Չնայած այն հագնամանքին, որ Ուդոն Գրիգորյանի պես հիմնականում զբաղվում է մրցակցի գրոհները քանդելով, վերջին 2 խաղում Ուդոն իրեն դրսևորում է նաև որպես «թեթև կրեատիվ» կիսապաշտպան։
Հակոբ Հակոբյան – 7,5

Ցավոք, Հակոբյանը չկարողացավ լիարժեք դրսևորել իրեն՝ ստանալով վնասվածք երկրորդ կեսի սկզբում: «Ուրարտուի» ֆուտբոլիստը շարունակում է մնալ Խոակին Կապառոսի ուշադրության կենտրոնում: Նա պարբերաբար հրավիրվում է հավաքական, սակայն չունի որևէ հստակ դիրք: Ազգերի լիգայում Կապառոսը նրան տեսնում էր եզրային պաշտպանի գուտում, Իսլանդիայի հետ խաղում նա ստացել էր ձախ վինգերի դիրքը՝ լինելով նոմինալ կենտրոնական կիսապաշտպան:
Հակոբյանը ապագայի ֆուտբոլիստ է և, իհարկե, նրանից մաքսիմալ օգուտ քաղելու իդեալական տարբերակը դաշտում հստակ դեր սահմանելն է: Իսլանդիայի հետ նա այդպես էլ չտպավորեց: Բայց Հակոբյանն ունի հսկայական պոտենցիալ, և նրա թոփ հանդիպումները դեռ առջևում են:
Տիգրան Բարսեղյան – 10

Անկասկած, հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Տիգրան Բարսեղյանը խաղից խաղ ցույց է տալիս իր կարգն ու բարձրացնում լրջագույն հռետորական հարց. «ի՞նչ «Աստանա»: Մեր ընտրանու աջ եզրային հարձակվողն իր արագացումներով պարզապես տանջում էր մրցակիցներին: Արդեն խաղի սկզբում նա ստիպեց մրցակցին իր հետ պայքարում խախտել կանոնները և «նստեցրեց» դեղինի վրա: Դա նրան զգալի ազատություն տվեց եզրային անցումների ժամանակ:
Խփած գոլը միանգամայն արտացոլում էր նրա խաղը. բոլոր դրվագներում Տիգրանը պայքարում էր ու վազում մինչև վերջ ամեն գնդակի համար: Գնդակը մրցակցի դարպասն ուղարկելուց հետո Տիգրանը սկսեց խաղալ ավելի ոգևորված, գնդակն անցկացնել մրցակցի ոտքերի արանքով: Խաղի ընթացքում նա խփած գոլին գումարեց նաև գոլային փոխանցում: Ափսոս միայն, որ վերջում դեղին քարտ ստացավ:
Սարգիս Ադամյան – 7,5

Ադամյանը նախորդ խաղերի նման ակտիվ էր, սակայն իսլանդացիների հետ խաղը ցույց տվեց նրա գլխավոր «մինուսը». ազգային թիմում Ադամյանը երկրորդ համարով խաղալուց ունենում է դժվարություններ: Լիխտենշտեյնի ու Իսլանդիայի դեմ խաղերում մենք տեսանք տարբեր Ադամյանների. ԱԱ-2022-ի որակավորման առաջին խաղում Ադամյանը շատ էր տիրում գնդակին ու հաճախակի արագանում էր՝ անախորժություններ մատուցելով մրցակիցներին:
Իսլանդիան հիմնականում գործում էր նախաձեռնողի դերում: Ադամյանը փորձում էր դիմել պրեսինգի, սակայն դա աշխատեց միայն մեկ անգամ, որն էլ Ադամյանն օգտագործել չկարողացավ:
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – 7,5

Գրեթե նույն խոսքերը, որոնք վերևում գրել էինք Սարգիս Ադամյանի մասին, կարելի է վերագրել Նորբերտոյի հասցեին: Արգենտինահայ ֆուտբոլիստի խաղում նկատվում է մեծ առաջընթաց. երկու անգամ անընդմեջ ստանալով շանս խաղալու առաջին րոպեներից՝ Բրիասկոն ակտիվ մասնակցում էր բոլոր գրոհներին, դիմում պրեսինգի, գերազանց աշխատում էր առանց գնդակի, սակայն դա առայժմ չի բավարարում գոլի համար:
Խորեն Բայրամյան – 9

Բայրամյանը դաշտում խաղաց ավելի քիչ, քան ակնկալում էին երկրպագուները: «Ռոստովի» ֆուտբոլիստը խաղը սկսել էր պահեստայինների նստարանին: Այդ հանգամանքը զարմացրել էր իսլանդացիներին ճիշտ այնպես, ինչպես Կարապետյանի՝ հիմնական կազմում չհայտնվելը լիխտենշտեյնցիներին: Բայրամյանը զգալիորեն ակտիվացրեց գրոհի ձախ թևը՝ ստիպելով մրցակցին ավելի ուշադիր ու հավաքված գործել, բայց ի վերջո գտավ ազատ գոտին, ճեղքեց մրցակցի պաշտպանությունն ու դարձավ շքեղ գոլի հեղինակ:
Ալեքսանդր Կարապետյան- 7,5

Երկրպագուները ակնկալում էին, դաշտ դուրս եկող Կարապետյանը ցույց կտա՝ ով է «իսկական վիկինգը»: Երկրորդ խաղն է՝ Կարապետյանը խաղը սկսում է պահեստայինների նստարանից: Ընդ որում՝ երկրորդ դեպքն է՝ ոչ այնքան հասկանալի պատճառով է Կապառոսը Կարապետյանին թողնում պահեստայինների նստարանին: Դրդապատճառը հասկանալի է՝ ունենալ ուժեղ պահեստային անհրաժեշտության դեպքում: Դուրս գալով խաղադաշտ՝ Կարապետյանը հիմնականում աշխատեց առանց գնդակի և չսպառնաց դարպասին:
Ժիրայր Շաղոյան – 7,5

Չնայած մեծ ճնշմանը՝ Շաղոյանը դաշտ դուրս եկավ լիարժեք ազատ ու անում էր այն ամենը, ինչ ցանկանում էր: Գովելի է, որ Առաջին խմբի առաջնության ֆուտբոլիստը, դուրս գալով խաղադաշտ նման պատասխանատու խաղում՝ գործում է մեծ թեթևությամբ: Մի քանի դրվագում Շաղոյանը ստացավ գնդակը, վերահսկեց այն ու գնաց համարձակ դրիբլինգի:
«Շատ ուրախացա, բայց նաև շփոթվեցի». Շաղոյանը՝ Հայաստանի հավաքական հրավերի և իր ապագայի մասին
Կարեն Մուրադյան – 7,5

«Արարատի» կիսապաշտպանը գերազանց փոխարինեց Սոլոմոն Ուդոյին ու շարունակեց իր նախկին ակումբակցի գործը՝ ցեմենտելով միջին գիծը:
Հայաստանի հավաքականը նոր ուշագրավ ռեկորդներ սահմանեց Կապառոսի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
