Logo

35-ամյա Լյորիսը նոր պայմանագիր կնքեց «Տոտենհեմի» հետ

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:42 / 21.01.2022Լուրեր
Պաշտոնական
Ուգո Լյորիս

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ, աշխարհի չեմպիոն Ուգո Լյորիսը 2,5 տարով երկարաձգել է պայմանագիրը անգլիական «Տոտենհեմի» հետ։ Նոր համաձայնագիրը գործելու է մինչև 2024 թվականը՝ հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ 

«Տոտենհեմի» և Ֆրանսիայի ընտրանու ավագը 2012-ին «Լիոնից» տեղափոխվելուց հետո արդեն 395 հանդիպում է անցկացրել անգլիական ակումբում։ Դա 12-րդ ցուցանիշն է ակումբի պատմության մեջ։ Դարպասապահներից «Տոտենհեմում» անցկացրած խաղերի քանակով 35-ամյա Լյորիսին գերազանցում են միայն Պետ Ջենինգսը (590) և Թեդ Դիթչբերնը (452)։

2019-ին ստացած արմուկի վնասվածքից ապաքինվելուց հետո Լյորիսն անփոխարինելի է «Տոտենհեմի» դարպասում։ 2020 թվականի մարտից ի վեր՝ 67 անընդմեջ խաղի է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ հասցնելով ակումբային ռեկորդ սահմանել։ Լյորիսն առաջին ֆուտբոլիստն է, որը Պրեմիեր լիգայում 300 խաղ է անցկացրել «Տոտենհեմի» կազմում։ Մեկ հանդիպում պակաս ունի իր հաշվին Դարեն Անդերտոնը։ Այժմ ֆրանսիացու անվան դիմաց արդեն 317 խաղ է նշված։ Միաժամանակ, եվրագավաթներում անցկացրած հանդիպումների քանակով (64) նա հավասարվել է ակումբի նախկին ավագ Սթիվ Պերիմանին։ Նրանք 4 խաղ են զիջում միայն Հարի Քեյնին։

Լյորիսը մեկն է 16 դարպասապահներից, որոնք առնվազն 100 «չոր» հանդիպում են անցկացրել Պրեմիեր լիգայում։ Դա բացառիկ արդյունք է «Տոտենհեմում»։ Հիմա նա կարող է հպարտանալ 112 խաղում սեփական դարպասն անառիկ պահելու հանգամանքով։ Ակումբի ավագի թևկապով Լյորիսը մասնակցել է գավաթային 3 եզրափակիչների՝ ներառյալ 2019 թվականի Չեմպիոնների լիգայի վճռական խաղը։ Նա նշանակալի ներդրում է ունեցել 2016/17 թվականների ռեկորդային մրցաշրջանում, որում «Տոտենհեմը», վաստակելով իր համար աննախադեպ 86 միավոր և բաց թողնելով ընդամենը 26 գոլ, երկրորդ տեղը գրավեց Պրեմիեր լիգայում։

2008-ից ի վեր՝ 136 անգամ խաղադաշտ է մտել Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկով, որն ավելի հաճախ կրել է միայն Լիլիան Թյուրամը (142)։ 108 մրցավեճում եղել է ֆրանսիացիների ավագը, մասնակցել է 2012, 2016 և 2020 թվականների Եվրոպայի ու 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնություններին։

Լյորիսը 2018-ին ավագի կարգավիճակով դարձել է «Տոտենհեմի»՝ աշխարհի չեմպիոն հռչակված առաջին խաղացողը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա