Գյումրիում «Շիրակի» հետ կայացած դրամատիկ հանդիպման ավելացված ժամանակում հստակ իրացնելով 11մ հարվածը, Հրայր Մկոյանը ոչ միայն կամային հաղթանակ պարգևեց իր թիմին, այլև դարձավ Հայաստանի առաջնություններում «Վանում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: «Վանի» ավագն իր նախկին թիմի դարպասը գրավեց 39 տարեկան 61 օրականում: Նա գերազանցեց Դավիթ Մանոյանի ռեկորդային ցուցանիշը, որը 2023թ. ապրիլի 17-ին «Նոայի» դարպասը գրավել էր 32 տարեկան 286 օրականում:
Հրայր Մկոյանն ընդգրկվեց նաև Հայաստանի առաջնություններում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Նա տասնյակից դուրս թողեց «Նոայի» նախկին հարձակվող Դյուդոննե Մբոկանիին, որը 2023թ. «Ալաշկերտի» հետ խաղում աչքի էր ընկել 37 տարեկան 342 օրականում: Ցանկը գլխավորում է Երևանի «Կանազի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Հարությունյանը, որը 1994թ. առաջնությունում Աբովյանի «Կոտայքի» դարպասը գրավել է 41 տարեկան 185 օրականում:
Այդ ցանկում են նաև Երևանի «Արարատի» նախկին հանրահայտ ֆուտբոլիստներ Նազար Պետրոսյանն ու Խորեն Հովհաննիսյանը: Նազար Պետրոսյանը 1992թ. Հայաստանի անդրանիկ առաջնությունում «Կոտայքի» կազմում Նոյեմբերյանի «Ազնավուրի» դարպասը գրավել է 40 տարեկան 343 օրականում: Նա ցանկում 4-րդն է: Իսկ ՀՄԸՄ-ում (ներկայիս «Փյունիկում») հանդես եկած Խորեն Հովհաննիսյանը եզրափակում է լավագույն տասնյակը՝ 1993թ. «Կանազի» հետ խաղում գոլի հեղինակ դառնալով 38 տարեկան 154 օրականում:
Հրայր Մկոյանն ընթացիկ առաջնության ամենատարեց ու փորձառու ֆուտբոլիստն է, որը Fastex Պրեմիեր լիգայում 390-րդ խաղն անցկացրեց: Նա բացեց գոլերի հաշիվը «Վանում»՝ խփելով Հայաստանի առաջնություններում 9-րդ գոլը:
39-ամյա Մկոյանն արդեն 22 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլում է: Նա 19-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանի առաջնություններում՝ այդ ընթացքում կրելով Բարձրագույն խմբի 8 թիմերի մարզաշապիկները: Մկոյանից ավելի երկար հայկական ակումբներում հանդես են եկել միայն Գևորգ Կասպարովը (22 մրցաշրջան) և Հովհաննես Թահմազյանը (20):

Ֆուտբոլային առաջին քայլերը Մկոյանը կատարել է հարազատ Գյումրիում: Դեռ 18 տարին չլրացած, Մկոյանը նորամուտը նշեց «Շիրակում»՝ մասնակցելով 2004թ. հունիսի 12-ին Երևանում «Արարատի» հետ կայացած առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը: Խաղի 81-րդ րոպեին, երբ «Շիրակը» պարտվում էր 0-2 հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն Արման Տոնոյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց պատանի Հրայրին:
Հայաստանի առաջնություններում գոլերի հաշիվն էլ Մկոյանը բացել է «Շիրակում»՝ 2006թ. գրավելով «Ուլիսի» դարպասը: Շիրակցիների կազմում իր 2-րդ գոլը Մկոյանը խփել է 2012/13թթ. առաջնությունում՝ գրավելով Դիլիջանի «Իմպուլսի» դարպասը: Իսկ առավել արդյունավետ գյումրեցի ֆուտբոլիստը գործել է «Ուլիսում»՝ 2009թ. առաջնությունում դառնալով 3 գոլի հեղինակ: «Միկայում» Մկոյանը 2 գոլ է խփել, մեկ անգամ էլ աչքի է ընկել «Արարատ-Արմենիայում»:
FastNews-ը ներկայացնում է Հայաստանի առաջնություններում «Վանում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակը:
| Ֆուտբոլիստներ | Տարիքը | Ամսաթիվն ու մրցակիցը |
| 1. Հրայր Մկոյան | 39 տ. 61 օր. | 02.11.2025 «Վան»՝ 3-2 |
| 2. Դավիթ Մանոյան | 32 տ. 286 օր. | 17.04.2023 «Նոա»՝ 1-1 |
| 3. Զավեն Բադոյան | 32 տ. 88 օր. | 20.03.2022 «Արարատ-Արմենիա»՝ 2-1 |
| 4. Միհրան Մանասյան | 31 տ. 318 օր. | 26.11.2020 «Շիրակ»՝ 3-1 |
| 5. Ռումյան Հովսեփյան | 31 տ. 183 օր. | 15.05.2023 «Արարատ»՝ 3-1 |
| 6. Բենիկ Հովհաննիսյան | 30 տ. 361 օր. | 26.04.2024 «Արարատ»՝ 1-1 |
| 7. Գեղամ Ղադիմյան | 30 տ. 142 օր. | 10.03.2023 «Արարատ»՝ 3-1 |
| 8. Ալիֆ Ռոդրիգես | 29 տ. 324 օր. | 24.09.2025 «Նոա»՝ 1-2 |
| 9. Սիլվիո Գուտիերես | 29 տ. 82 օր. | 21.05.2022 «Նոա»՝ 1-0 |
| 10. Վահագն Այվազյան | 29 տ. 33 օր. | 19.05.2021 «Ալաշկերտ»՝ 3-1 |

