Fastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Գյումրիում «Վանի» հետ կայացած խաղում Հրայր Մկոյանը ֆուտբոլային կարիերայում նշանակալի նվաճման հասավ: «Շիրակի» ավագը պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 600-րդ խաղն անցկացրեց:
Նա դարձավ այդ սահմանագիծը հատած ընդամենը 3-րդ ֆուտբոլիստը: Ֆուտբոլային կարիերայում Մկոյանից ավելի շատ հանդիպումների են մասնակցել միայն Հենրիխ Մխիթարյանն (868 խաղ) ու Սարգիս Հովսեփյանը (783): Այդ փաստն արդեն վկայում է, թե որքան դժվար է նման ցուցանիշի հասնելը:
Հետաքրքիր է, որ 500-րդ խաղի հոբելյանը Մկոյանը ևս նշել էր «Վանի» հետ կայացած առաջնության խաղում: 2022թ. մարտի 1-ին Չարենցավանում տեղի ունեցած առաջնության 20-րդ տուրի այդ խաղում Մկոյանն «Արարատի» ավագն էր:

600 խաղերից 374-ը Մկոյանն անցկացրել է ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում, 50-ը՝ Հայաստանի գավաթի, 2-ը՝ Սուպերգավաթի, 23-ը՝ Եվրագավաթների մրցաշարերում, 52-ը՝ ՀՀ ազգային հավաքականում, 7-ը՝ երիտասարդական հավաքականում, 7-ը՝ ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» խաղարկություններում, 85-ը՝ արտերկրի Բարձագույն խմբի առաջնությունների մասնակից թիմերում:
38-ամյա Մկոյանն արդեն 22 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլում է: Նա 18-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանի առաջնություններում՝ այդ ընթացքում կրելով Բարձրագույն խմբի 7 թիմերի մարզաշապիկները: Մկոյանից ավելի երկար հայկական ակումբներում հանդես են եկել միայն Գևորգ Կասպարովը (22 մրցաշրջան) և Հովհաննես Թահմազյանը (20):
Ի դեպ, Մկոյանը եզրափակում է «Շիրակի» պատմության ամենատարեց ֆուտբոլիստների եռյակը՝ զիջելով միայն Հովհաննես Թահմազյանին (41 տարեկան 207 օրական) ու Գևորգ Կասպարովին (40 տարեկան 140 օրական): «Վանի» հետ խաղի ժամանակ Մկոյանը 38 տարեկան 222 օրական էր:

Մկոյանն ընթացիկ առաջնության ամենատարեց ու ամենափորձառու ֆուտբոլիստն է: Գյումրեցի իր նախկին մի քանի թիմակիցների պես ֆուտբոլային երկարակեցությամբ աչքի ընկնող Մկոյանը ևս մեկ մրցաշրջան խաղալու դեպքում կհատի Fastex Պրեմիեր լիգայում 400 խաղի սահմանը, ինչը ՀՀ առաջնությունների պատմության մեջ մինչև օրս հաջողվել է միայն նախկին շիրակցիներ Հովհաննես Թահմազյանին (461 խաղ) ու Տիգրան Դավթյանին (409), ինչպես նաև ընթացիկ առաջնության աշնանային հատվածում ֆուտբոլային կարիերան ավարտած Արտակ Գրիգորյանին (404):

Ֆուտբոլային առաջին քայլերը Մկոյանը կատարել է հարազատ Գյումրիում: Դեռ 18 տարին չլրացած, Մկոյանը նորամուտը նշեց «Շիրակում»՝ մասնակցելով 2004թ. հունիսի 12-ին Երևանում «Արարատի» հետ կայացած առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը: Խաղի 81-րդ րոպեին, երբ «Շիրակը» պարտվում էր 0-2 հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն Արման Տոնոյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց պատանի Հրայրին:
Այդ պահին ոչ Մկոյանի, ոչ էլ մարզադաշտում գտնվող որևէ մեկի մտքով դժվար թե անցներ, որ տարիներ անց պատանի ֆուտբոլիստը կկրեր «Արարատի» մարզաշապիկը, իսկ ավելի ուշ կրկին կվերադառնար լեգենդար թիմ արդեն ավագի կարգավիճակով:
Բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանում Մկոյանը մասնակցեց ընդամենը 3 խաղի՝ դուրս գալով փոխարինման: Իսկ ահա հաջորդ մրցաշրջանում Մկոյանն արդեն «Շիրակի» հիմնական կազմի խաղացող էր: Ժորա Բարսեղյանը թիմի անցկացրած 17 հանդիպումներից 12-ում Մկոյանին ընդգրկել էր մեկնարկային կազմում, մեկ անգամ էլ Հրայրը փոխարինման դուրս եկավ:

2006թ. Մկոյանը բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում՝ գրավելով «Ուլիսի» դարպասը, իսկ հաջորդ մրցաշրջանը դիմավորեց «Արարատում»՝ ընդունելով Վարուժան Սուքիասյանի հրավերը: Հենց «Արարատում» անցկացրած 2 մրցաշրջանների ընթացքում էլ Մկոյանն իր առաջին տիտղոսները նվաճեց:
2007թ. նա առաջին անգամ հանդես եկավ գավաթի եզրափակչում, որտեղ «Արարատը» լրացուցիչ ժամանակում 1-3 հաշվով զիջեց «Բանանցին»: Իսկ 2008թ. Մկոյանն արարատցիների հետ դարձավ Հայաստանի գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր: Գավաթի եզրափակչում «Արարատը» կրկին լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ, իսկ «Փյունիկի» հետ կայացած «ոսկե» խաղում Արարատ Ճաղարյանն իր բացահայտ կողմնակալ մրցավարությամբ «Արարատին» զրկեց չեմպիոնի տիտղոսից, որին թիմն արժանի էր:
Ի դեպ, Հրայր Մկոյանը «Փյունիկի» հետ կայացած առաջնության ավարտական տուրի խաղում 8-րդ զգուշացումն էր ստացել, փյունիկցի Արթուր Եդիգարյանն էլ 7-րդ դեղին քարտին էր արժանացել: Կանոնադրության համաձայն, նրանք պետք է բաց թողնեին հաջորդ՝ «ոսկե» խաղը: Բայց ֆեդերացիայի որոշմամբ երկուսին էլ թույլատրել էին մասնակցելու վճռորոշ այդ հանդիպմանը: Սակայն Վարուժան Սուքիասյանը հավատարիմ մնալով մարզական սկզբունքին, Մկոյանին այդպես էլ չէր հայտավորել «ոսկե» խաղին: Մինչդեռ Եդիգարյանը մասնակցեց հանդիպմանը:

2009թ. Մկոյանն արդեն «Ուլիսի» կազմում էր՝ արժանանալով բրոնզե մեդալի: Ի դեպ, հենց որպես «Ուլիսի» ֆուտբոլիստ էլ Մկոյանն իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում՝ մեկնարկային կազմում մասնակցելով 2009թ. սեպտեմբերի 9-ին Երևանում Բելգիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին, որում մեր ֆուտբոլիստները 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին:
Իսկ Հայաստանի ազգային հավաքականում իր վերջին՝ 52-րդ հանդիպումը Մկոյանն անցկացրել է 2022թ. սեպտեմբերի 27-ին իռլանդացիների հետ Դուբլինում կայացած Ազգերի լիգայի խաղում:
2010-2011թթ. առաջնություններում Մկոյանը կրեց «Միկայի» մարզաշապիկը՝ դառնալով Հայաստանի կրկնակի գավաթակիր:
2012թ. հունվարին Մկոյանը 6 ամսով պայմանագիր կնքեց Նալչիկի «Սպարտակի» հետ, որի կազմում ընդամենը մեկ խաղ անցկացնելով, կարճ ժամանակով վերադարձավ «Շիրակ»: 2013թ. ձմռանը Մկոյանը կրկին մեկնեց արտերկիր՝ հանդես գալով Չեխիայի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից Չեսկե Բուդյովիցեի «Դինամոյի» կազմում, որտեղ խաղում էր նաև Էդգար Մալաքյանը: Սակայն այնտեղ էլ նա երկար չմնաց:
2013/14թթ. առաջնության առաջին շրջանում հանդես գալով «Գանձասար-Կապանում», 2-րդ շրջանում Մկոյանը կրկին վերադարձավ «Շիրակ»՝ թիմակիցների հետ դառնալով արծաթե մրցանակակիր: Առաջնության ավարտից հետո Հրայրը մեկնեց Իրան, որտեղ 3 մրցաշրջան հաջողությամբ հանդես եկավ «Էսթեղլալում»:

2018թ. գարնանը Մկոյանն Իրանից վերադարձավ «Շիրակ», իսկ հաջորդ առաջնությունը դիմավորեց նորաստեղծ «Արարատ-Արմենիայում»: Սակայն այնտեղ նա ընդամենը 3 խաղ անցկացրեց, հասցրեց դառնալ գոլի և ինքնագոլի հեղինակ ու տեղափոխվեց «Ալաշկերտ»: 2019/20թթ. մրցաշրջանում Մկոյանը կրկին հարազատ «Շիրակում» էր:
Առաջնության ավարտից հետո 33-ամյա ֆուտբոլիստն իր մի խումբ թիմակիցների հետ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ տեղափոխվեց «Արարատ», որի կազմում 3-րդ անգամ վայելեց Հայաստանի գավաթի նվաճման բերկրանքը: Ճիշտ է, որակազրկման պատճառով Մկոյանին բախտ չվիճակվեց մասնակցելու «Ալաշկերտի» հետ կայացած գավաթի եզրափակչին և որպես ավագ ֆեդերացիայի նախագահից ստանալու պատվավոր մրցանակը:

2022/23թթ. առաջնության ավարտից հետո Մկոյանը հերթական անգամ վերադարձավ հարազատ կոլեկտիվ՝ կրկին ստանձնելով թիմի ավագի պարտականությունները: Վերադարձը նա նշեց թիմակիցների հետ Հայաստանի Սուպերգավաթի նվաճմամբ՝ դառնալով այդ մրցանակին արժանացած ամենատարեց ֆուտբոլիստը (37 տարեկան 35 օրական): Նա գերազանցեց Հովհաննես Թահմազյանի ռեկորդային ցուցանիշը, որը 2006թ. «Միկայի» կազմում սուպերգավաթակիր էր դարձել 36 տարեկան 136 օրականում:

Հրայր Մկոյանն իր ներկայիս ցուցադրած խաղով ու ֆունկցիոնալ պատրաստվածությամբ դեռ մի քանի մրցաշրջան կարող է օգտակար լինել «Շիրակին»: Չի բացառվում, որ հետագայում էլ առիթներ կունենանք նրան շնորհավորելու զանազան հոբելյանների կապակցությամբ:


