Հրայր Ալիխանյանը (74 կգ) չկարողացավ մեդալ նվաճել Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 3-7 հաշվով պարտվեց մոլդովացի Վասիլե Դիակոնին:
Հրայր Ալիխանյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 12-1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել բուլղարացի Դիմիտար Աթանասով Անգելովի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում 8-4 հաշվով հաղթել էր ճապոնացի Յուտո Ֆուկադային:
Երրորդ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 2-4 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Խաջիմուրադ Գաջիևին, որը հասել էր եզրափակիչ ու Ալիխանյանը ստացել էր սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն: Այդ փուլում հայ ըմբիշը 10-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Կոլումբիայի ներկայացուցիչ Յոհան Սեբաստիան Սերնա Ռոդրիգեսի նկատմամբ:
9 ըմբիշով մրցավայր մեկնած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ23 ԱԱ-ում ելույթն ավարտեց 2 ոսկե և մեկ բրոնզե մեդալով։ Արսեն Հարությունյանը (61 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձան ոսկե մեդալակիր, իսկ Արման Ավագյանը (79 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: