Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական խաղադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց ֆրանսիական «Մոնպելյեի» հետ և գրանցեց մարտական ոչ-ոքի՝ 2-2։
Գերմանական ակումբի կազմում խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Դա 20-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր «Բորուսիա-Պարկ» ստադիոնում։
Քիչ անց «Բորուսիայի» առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Վայգլը, սակայն առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Ընդմիջումից հետո դարպասի նոր գրավում չարձանագրվեց։
Ռանոսը փոխարինվեց 65-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսն այս ամռանն էր հեռացել Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից և ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բորուսիային», որի հետ կնքել էր չորս տարվա պայմանագիր։ Նախկինում նա խաղացել էր նաև գերմանական «Հանովերի» պատանեկան թիմերում, 2017 թվականին տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ 2018-ից «Բավարիայի» համակարգում էր:
Նախորդ մրցաշրջանում հայ հարձակվողը «Բավարիա-2»-ի կազմում մասնակցել էր 38 հանդիպման, դարձել 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականում նա այս տարի անցկացրել է 3 խաղ և խփել 4 գոլ։
Ընկերական հանդիպում
«Բորուսիա Մ․» - «Մոնպելյե»՝ 2-2
Հրանտ-Լեոն Ռանոս, 30, Յուլիան Վայգլ, 34 – Տեժի Սավանյե, 41, Մուսա Ալ Տամարի, 45


