Հրաձգության Հայաստանի հավաքականը փետրվարի 24-ից մարտի 3-ը Հունգարիայի Գյոր քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի 2 օլիմպիական ուղեգիր։
Հրաձիգները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։ Թիմին կուղեկցեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանը, հաղորդում է ՀՀՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով․
Մեծահասակներ
10 մետր, օդամղիչ հրացան - Հրաչ Բաբայան
10 մետր, օդամղիչ ատրճանակ - Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Նորայր Առաքելյան
Երիտասարդներ
10 մետր, օդամղիչ ատրճանակ - Նարե Գաբրիելյան, Էդիտա Մանուչարյան, Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան:
Հիշեցնենք, որ հայ հրաձիգներից առայժմ օլիմպիական ուղեգիր ունի միայն Էլմիրա Կարապետյանը, որը 5-րդ տեղն էր գրավել Կահիրեում կայացած աշխարհի առաջնությունում ու հնարավորություն ստացել մասնակցել Փարիզ-2024-ին։


