Logo

Սեյրան Նիկողոսյան. «Ակնկալում եմ մինչև 3 օլիմպիական ուղեգիր»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:34 / 17.10.2022Հրաձգություն
Բացառիկ
null

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ տեղը գրաված և 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանն առաջին անգամ է խոցել 200,9 միավոր, որը բավականին բարձր ու լուրջ հույսեր ներշնչող ցուցանիշ է։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը։

Երևանցի մարզուհին օլիմպիական ուղեգիրը նվաճել էր օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց մրցաձևում։ ԱԱ-ում Էլմիրա Կարապետյանին գերազանցել էին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած հույն Աննա Կորակակին (255,6 միավոր), սերբ Զորանա Արունովիչը (253,9) ու Չինաստանի ներկայացուցիչներ Կայման Լուն (254) և Քսյուե Լին (253)։

Սեյրան Նիկողոսյանի խոսքով, այն հանգամանքը, որ Էլմիրա Կարապետյանն ավելի քան 50 միավոր է զիջել իրեն գերազանցած մարզուհիներին, պայմանավորված է նաև հաջողության գործոնով։

«Էլմիրան առաջին անգամ է նման բարձր արդյունք գրանցել։ Դա միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշ է։ Գոհ եմ նրանից, քանի որ բավականին մոտ էր մրցանակային տեղ գրավելուն։ Մեր մարզաձևում եզրափակիչ փուլ է անցնում 8 հրաձիգ, որոնց պայքարում վարպետությունից բացի, որոշիչ նշանակություն ունեն նաև նյարդերի ամրությունն ու հաջողության գործոնը։ Օրինակ՝ այս անգամ Էլմիրան խոցեց 10,5 միավոր, որը թիրախի գրեթե կենտրոնում է, բայց հույն հրաձիգը կպավ 10,8-ին, իսկ չինուհին՝ 10,7-ին։ Այդքան խիտ են եղել արդյունքները, ինչը վկայում է պայքարի լարվածության աստիճանի մասին։ Ճիշտ է, Կարապետյանը մեդալ չնվաճեց, բայց փոխարենն օլիմպիական ուղեգիր ձևակերպեց»,- նշեց մարզիչը։

Անդրադառնալով ատրճանակով հրաձգությունում մասնագիտացած Բենիկ Խլղաթյանի (576 միավոր, 34-րդ տեղ) և հրացանի մրցմանը մասնակցած Հրաչ Բաբայանի (625,3 միավոր, 47-րդ տեղ) ելույթներին՝ Սեյրան Նիկողոսյանն ասաց. «Բենիկն առաջին անգամ է մասնակցում նման խոշոր ու նշանակալի մրցման։ Նա նոր է տեղափոխվել մեծահասակների տարիքային խումբ։ Գրանցել է սպորտի վարպետի ցուցանիշ։ Նրա արդյունքից գոհ եմ։ Իսկ ահա Հրաչյան համեստ հանդես եկավ, նրանից ավելի լավ արդյունք էի ակնկալում։ Հուսով եմ՝ Բաբայանն ավելի լավ կդրսևորի իրեն հաջորդ կարևոր մրցումներում»։ 

Նշված երեք հրաձիգները նոյեմբերի 23-28-ը Լեհաստանում կմասնակցեն ոչ վարկանիշային խոշոր միջազգային մրցաշարի։ Իսկ օլիմպիական ուղեգրեր խաղարկվելու են նաև 2023 թվականի հունվարին նախատեսված միջազգային մրցաշարում և մարտին կայանալիք Եվրոպայի առաջնությունում։

Առհասարակ, հավաքականի գլխավոր մարզիչն ակնկալում է, որ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա մինչև երեք հրաձիգ։

Ի դեպ, Սեյրան Նիկողոսյանը հայտնեց, որ հոկտեմբերի 17-ին հնարավոր է ունենանք նոր օլիմպիականներ՝ ատրճանակով հրաձգության խառը զույգերի պայքարում։   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ